Գյումրիում ավարտված է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանի խնդրի լուծման՝ «Բնակարանի գնման վկայագիր» պետական ծրագրի առաջին փուլի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը:
Ըստ նախատեսվածի' ծրագրի այս փուլի վերջնաժամկետը հունվարի 30-ն էր: Մինչ այդ Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից ծանուցագրեր են ուղղարկվել անօթևանությունը սահմանող կարգի 29-րդ կետի արտոնութ յուն ունեցող 214 և 30-րդ կետի 50 ընտանիքի: Ծանուցագրեր ստացած ընտանիքներից 239-ը ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ: Վերջիններս 6 ամիս ժամանակ ունեն բնակարան գնելու համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, 239 ընտանիքից 223-ին տրամադրվել է վկայագիր, 16-ին չի տրամադրվել, քանի որ վերջնական փաստաթղթերը չեն ներկայացրել տարբեր պատճառներով՝ ընտանեկան անհամաձայնության, երաշխավորագրերի բացակայության և այլն: «Այսպիսով, ծրագրի առաջին փուլի ժամկետը լրացել է և ընդհանուր՝ 264 ընտանիքից 223-ին տրանադրվել է վկայագիր:
Գործընթացը բավական լավ ընթանում է: Այս պահին 54 ընտանիք արդեն դիմել է գտած բնակարանի եզրակացման տրամադրման խնդրով, նրանցից 47-ին տրվել է դրական եզրակացություն, իսկ 7-ին բացասական, քանի որ բնակարանները չեն համապատասխանել պահանջվող չափորոշիչներին: 47 ընտանիքներն արդեն կնքել են բնակարանների առքուվաճառքի պայմանագրերը: Գործընթացը շարունակվում է: Ի դեպ, բնակիչը առք ու վաճառքի պայմանագիրը կքնելուց հետո ստանում է վկայագիր եւ հատկացված գումարի 60 տոկոսը: Գումարի մնացած 40 տոկոսը, ըստ պայմանագրի, տրվում է, երբ ընտանիքները ներկայացնեն տնակ ների ապամոնտաժման վերաբերյալ փաստաթուղթ»,- նշեց Ալբերտ Մարգարյանը:
Անցած տարեվերջին ՀՀ կառավարության կայացրած որոշմամբ' Գյումրիում մեկնարկած ծրագրի իրականացման համար Շիրակի մարզպետարանին հատկացվել է 1 մլրդ 500 մլն դրամ գումար: Եթե քաղաքացին հրաժարվում է ծրագրից, ապա ընտանիքը չի կարող այլեւս ծրագրի հաջորդ փուլին մասնակցել: Խոսելով ծրագրի հաջորդ փուլի մասին՝ պատասխանատուն հույս հայտնեց, որ այն կմեկնարի օգոստոսին: «Հավանաբար, այն կսկսվի օգոստոսին, մինչ այդ մենք կամփոփենք ծրագրի առաջին փուլի արդյունքները և կդիմենք ՀՀ կառավարությանը՝ հաջորդ փուլի համար»,- նշեց Ալբերտ Մարգարյան:
Արմենուհի Մխոյան