Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) եւ Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 19-ից Աչքի շարժական հիվանդանոցն (ԱՇՀ) Արագածոտնի մարզում իրականացնում է անվճար ակնային զննումներ բոլոր բնակիչների և անվճար բուժումներ ու վիրահատություններ սոցիալապես անապահով անձանց համար։ Ակնկալվում է, որ Արագածոտնի մարզում ակնային ստուգումներ կանցնեն 1500 մեծահասակներ եւ նույնքան աշակերտներ, իսկ աչքի շարժական հիվանդանոցը պատրաստ է ընդունել 180 հիվանդի՝ վիրահատության կամ լազերային բուժման համար։

 

Արագածոտնում աչքի շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Թալին քաղաքն է, որտեղ ծրագրի շրջանակներում աչքի անվճար վիրահատություններին եւ լազերային բուժումներին զուգահեռ կազմակերպվում են նաեւ հանրակրթական դպրոցների երեխաների ակնային ստուգումներ։

 

Orange Հիմնադրամի եւ Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները հոկտեմբերի 20-ին այցելեցին Թալին՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին:

 

««Լույս հայի աչքերին» ծրագիրն Orange Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է, հատկապես այն պատճառով, որ մարզային բնակիչների համար հասանելի է դարձնում որակյալ ակնային ծառայությունները եւ շոշափելի կերպով բարելավում նրանց կյանքը: Հպարտ ենք Հայկական ակնաբուժության նախագծի հետ երկարամյա համագործակցությամբ և ամեն տարի գրանցվող նշանակալի արդյունքներով»,- ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

 

«Արագածոտնի մարզ շրջայցով ամփոփվում են Հայկական ակնաբուժության նախագծի եւ Orange Հիմնադրամի այս տարվա համատեղ աշխատանքները։ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարեւոր այս ծրագիրը ռազմավարական է այն իմաստով, որ համապարփակ աշխատանք է իրականացնում՝ ստուգումներից մինչեւ բուժում, հանրային եւ մասնագիտական կրթություն։ Մեր համագործակցությունը սկսվել է 2011թ.-ից, եւ հույս ունեմ՝ կշարունակվի, քանզի այն նպաստում է մարզերում ակնային խնդիրների լուծմանը», - նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

Աչքի շարժական հիվանդանոցը Թալինում կմնա մինչեւ հոկտեմբերի 24-ը, այնուհետեւ կուղեւորվի Ապարան եւ Աշտարակ, որտեղ նույնպես անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ կիրականացվեն:

 

Հայկական ակնաբուժության նախագիծը 2003թ.-ից սկսած իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը։ Orange Հիմնադրամի հետ այն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60.000 մեծահասակ եւ 23.000 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 10.759 բնակիչ, իրականացվել է 6.680 վիրահատություն եւ լազերային բուժում, տրամադրվել է 25.000 ակնոց, 61 մարզային դպրոցի 5.500 աշակերտի համար կազմակերպվել են ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ: