Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) և Orange Հիմնադրամի «Լույս հայի աչքերին» համատեղ ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-ից Աչքի շարժական հիվանդանոցն արդեն 3-րդ այցն է իրականացնում Շիրակի մարզում։ Նախագծի նպատակն է մարզի բնակիչների համար ակնային անվճար զննումներ անցկացնել և բուժումներ իրականացնել սոցիալապես անապահով անձանց համար: Տեղական մասնագետների կողմից հուլիս-օգոստոս ամիսներին Շիրակում արդեն անցկացվել են ակնային զննումներ, որոնց արդյունքում խորացված հետազոտության և հետագա բուժման կարիք ունեցող բնակիչներն ուղղորդվել են Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Շարժական հիվանդանոցն արդեն ավարտել է աշխատանքը Մարալիկ քաղաքում՝ իրականացնելով աչքի անվճար վիրահատություններ եւ լազերային բուժումներ, և այժմ կայանել է Արթիկում: Այս աշխատանքներին զուգահեռ նաև հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներ և ակնային զննումներ երեխաների համար:

 

Orange Հիմնադրամի և Հայկական ակնաբուժության նախագծի ղեկավարները սեպտեմբերի 23-ին այցելեցին Արթիկ՝ ծանոթանալու Աչքի շարժական հիվանդանոցի ընթացիկ աշխատանքներին և Արթիկի դպրոցում անցկացվող ակնային ստուգումներին:

 

«ՀԱՆ-ի հետ մեր հնգամյա համագործակցության շրջանականերում որակյալ ակնաբուժական ծառայություններից օգտվել է ավելի քան 82000 մարզային բնակիչ: Orange Հիմնադրամի իրականացրած ծրագրերից հատկապես կարևորում ենք այս մեկը, քանի որ այն իրական և շոշափելի փոփոխություն է բերում մարդկանց կյանքում՝ օգնելով շատերին շտկել տեսողական խնդիրները և անգամ վերականգնել տարիների շարունակ կորցրած տեսողությունը: Շիրակի մարզից հետո ակնաբուժական խմբերն ուղևորվելու են Արագածոտնի մարզ, որտեղ արդեն իսկ մեկնարկել են զննումները տեղի ակնաբույժների կողմից»,- ասաց Orange Հիմնադրամի գլխավոր քարտուղար Լիլիթ Մարտիրոսյանը:

 

«Ուրախ եմ, որ Orange Հիմնադրամի հետ շարունակական համագործակցության շնորհիվ ՀՀ մարզերում իրականացնում ենք այս ծրագիրը։ Շիրակի մարզում մենք նախատեսել ենք 2000-ական աշակերտի և մեծահասակի ակնային ստուգում անցկացնել, 650 հիվանդի հետազոտել Աչքի շարժական հիվանդանոցում, որոնցից 300-ին վիրահատել կամ լազերային բուժման ենթարկել։ Հույս ունեմ, որ Հայաստանի մարզային բնակչության համար խիստ կարևոր և օգտակար այս ծրագրի շրջանակներում Orange Հիմնադրամի հետ կշարունակենք մեր համագործակցությունը»,- նշեց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

Աչքի շարժական հիվանդանոցն Արթիկում կմնա մինչև սեպտեմբերի 26-ը, իսկ այնուհետև կուղևորվի Ախուրյան:

 

Այս տարվա ծրագիրը կավարտվի Արագածոտնի մարզով, որտեղ բնակչության համար տեղի ակնաբույժները նախնական զննում կիրականացնեն՝ բացահայտելու միջամտություն պահանջող դեպքերը: Հոկտեմբերի վերջին շարժական հիվանդանոցը կուղևորվի Ապարան, Թալին և Աշտարակ, որտեղ նույնպես կիրականացվեն անվճար վիրահատություններ ու լազերային բուժումներ սոցիալապես խոցելի բնակիչների համար, ում մոտ նախնական զննման փուլում նման անհրաժեշտություն էր գրանցվել:

 

Հիշեցնենք, որ Հայկական ակնաբուժության նախագիծն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը սկսած 2003թ.-ից։ Orange Հիմնադրամի հետ միասին ծրագիրն անցկացվում է 2011թ.-ից, որի շրջանակներում ակնային զննում է անցել ավելի քան 60.000 մեծահասակ և 22.800 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 10.759 բնակիչ, իրականացվել է 6.317 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 24.793 ակնոց, և 61 մարզային դպրոցի 4.900 աշակերտի համար կազմակերպվել են ակնային խնամքի հանրակրթական դասընթացներ: