Այսօր Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և «Յուքոմ» ընկերությունը հայտարարեցին ՀՀ մարզերում իրականացվող ակնաբուժական անվճար ծառայություններ մատուցելու 2016 թվականի ծրագրի մեկնարկը: Այսպիսով «Յուքոմ» ընկերությունը շարունակում է «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի հետ համագործակցությունը, որ 2011 թվականից սկսվել էր Orange Հիմնադրամի հետ: Այս տարի ակնաբուժական անվճար ծառայություններից կօգտվեն Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի և Արմավիրի բնակիչները: Նրանք նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց (ԱՇՀ): Հիվանդանոցում ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ և լազերային բուժում: Վիրահատություններ կիրականացվեն սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար:

 

2016թ.-ին նախատեսվում է իրականացնել շուրջ 13 000 մեծահասակի և երեխայի ակնային զննում, Աչքի շարժական հիվանդանոցում խորացված հետազոտել շուրջ 1800 հոգու, իրականացնել 770 լազերային միջամտություն և վիրահատություն, ինչպես նաև տրամադրել շուրջ 630 ակնոց: Ակնային զննումներին զուգահեռ մարզերի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն հանրակրթական դասընթացներ՝ ակնային խնամքի վերաբերյալ:

 

«Հայկական ակնաբուժության նախագիծն ուրախ է արձանագրել, որ հանրապետության մարզերում տարիներ շարունակ իրականացվող այս ծրագրի շնորհիվ տասնյակ հազարավոր մարդկանց ակնաբուժական անվճար բարձրորակ ծառայություններ են մատուցվել՝ հետազոտությունից մինչև լազերային բուժում և վիրահատություն, տասնյակ հազարավոր ակնոց է տրամադրվել, հազարավոր երեխաներ ընդգրկվել են աչքի խնամքի վերաբերյալ դասընթացներում: Այսպիսով՝ ծրագրի շնորհիվ վերականգնվել է բազմաթիվ մարդկանց տեսողությունը կամ կանխարգելվել կուրությունը: Այս ամենը նպաստել է մարզային բնակչության կյանքի որակի բարելավմանը», - ասաց ՀԱՆ հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

 

«Մեր կազմակերպության առաքելությունն ենք համարում օգտակար լինել մեր հայրենակիցներին, աջակցել կայուն և ապահով հասարակության ձևավորմանը, կրթել առողջ և զարգացած սերունդ և ստեղծել հետագա զարգացման հնարավորություններ: Այս ծրագիրն այն յուրահատուկ նախաձեռնություններից է, որոնք ունենում են բացառապես դրական ազդեցություն և հիմնովին փոխում մարդկյանց կյանքն ու ապրելակերպը: Ես շատ ուրախ եմ այս համագործակցության համար և վստահ եմ, որ այն կլինի շարունակական», - նշեց «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

 

Այժմ Արարատի մարզում տեղի ակնաբույժներն արդեն իրականացնում են ակնային զննումներ: Աչքի շարժական հիվանդանոցն այս տարի իր շրջայցը կսկսի Արարատի մարզի Մասիս քաղաքից, որտեղ կկայանի ապրիլի 4-ից 16-ը, այնուհետև ապրիլի 18-ից 30-ը կուղևորվի Արտաշատ, իսկ մայիսի 2-ից 14-ը կլինի Արարատում: Հաջորդը Վայոց Ձորի մարզն է: