Այսօր Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) հայտարարեցին «Լույս հայի աչքերին» նախագծի 2015թ.-ի ծրագրի մեկնարկը, որի շրջանակներում Կոտայքի, իսկ այնուհետև Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերի բնակիչները կարող են օգտվել անվճար ակնաբուժական ծառայություններից: Նշված մարզերի բնակիչները նախ կհետազոտվեն տեղի ակնաբույժների կողմից, որից հետո, անհրաժեշտության դեպքում, կուղեգրվեն Աչքի շարժական հիվանդանոց, որտեղ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի և այլ առաջատար կենտրոնների մասնագետներից կազմված ՀԱՆ-ի ակնաբուժական խմբերն անվճար հիմունքներով կիրականացնեն խորացված ստուգումներ, վիրահատություններ և լազերային բուժումներ:
2015 թվականին Orange Հիմնադրամը ծրագրին հատկացրել է 26 մլն դրամ: Տարվա ընթացքում նախատեսվում է հետազոտել շուրջ 16,500 մեծահասակաների և երեխաների և տրամադրել ավելի քան 1,000 ակնոց: Շարժական հիվանդանոցը պատրաստ է իրականացնել ավելի քան 1,100 վիրահատություն և լազերային բուժում: Ակնային զննումներին զուգահեռ՝ մարզերի դպրոցներում երեխաների համար կազմակերպվելու են նաև ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ:
«Արդեն հինգերորդ տարին է, ինչ Հայկական ակնաբուժության նախագծի հետ համատեղ Orange Հիմնադրամն իրականացնում է «Լույս հայի աչքերին» ծրագիրը: Շնորհիվ այս համագործակցության և նորարար շարժական աչքի հիվանդանոցի՝ այս ժամանակահատվածում ավելի քան 67,000 մարդ արդեն հասցրել է օգտվել անվճար որակյալ ակնաբուժական ծառայություններից Հայաստանի բոլոր մարզերում: Հպարտ ենք աջակցել այս նախաձեռնությանը, քանի որ այն իսկապես շոշափելիորեն փոխում է մարզերի բնակիչների և նրանց ընտանիքների կյանքը՝ մասնավորապես նրանց հնարավորություն տալով անվճար օգտվել որակյալ ակնաբուժական ծառայություններւց, որոնք այլ կերպ հասանելի չէինն լինի սոցիալապես խոցելի բնակիչներին և ընտանիքներին», - ասաց Orange Հիմնադրամի խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Շարժական հիվանդանոցի առաջին կանգառը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքն է, որտեղ այն կկայանի մարտի 30-ից մինչև ապրիլի 4-ը, իսկ այնուհետև կուղևորվի Աբովյան (ապրիլի 6-18) և Հրազդան (ապրիլի 20-ից մայիսի 8-ը) քաղաքներ: Կոտայքի մարզի բնակիչներն արդեն անցել են աչքի անվճար հետազոտություն տեղի ակնաբույժների կողմից:
«Այս տարի ՀԱՆ-ի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ Աչքի շարժական հիվանդանոցը կայցելի չորս մարզեր: Աշխատանքները սկսվում են Կոտայքի մարզից և շարունակվելու են Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում: Այս տարի ևս մենք սկսում ենք ծրագիրը ոգևորությամբ և ակնաբուժական ծառայությունների միջոցով մարդկանց կյանքեր փոխելու պատրաստակամությամբ: «Լույս հայի աչքերին» ծրագրի շարունակական իրականացումը հնարավոր է դառնում այնպիսի գործընկերների շնորհիվ, ինչպիսին Orange Հիմնադրամն է », - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:
Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 2011 թվականից ի վեր հետազոտվել է ավելի քան 51,984 մեծահասակ և 15,051 երեխա, շարժական հիվանդանոցում խորացված ստուգումներ է անցել 8,961 բնակիչ, իրականացվել է 5,209 վիրահատություն և լազերային բուժում, տրամադրվել է 23,876 ակնոց և 53 մարզային դպրոցների 4,399 աշակերտների համար կազմակերպվել են ակնային խնամքի վերաբերյալ հանրակրթական դասընթացներ: