2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շարունակում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատություններում (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) դասավանդողների վերապատրաստման ծրագիրը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հայաստանում վերապատրաստումն ընթանալու է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված տարբերակված մեկամսյա հետևյալ 7 ծրագրերով.
1. Ուսուցում մանկապարտեզում
2. Ուսուցում մեկօրյա դպրոցում
3. Տարրական ուսուցում
4. Հայոց լեզվի և գրականության դասավանդում
5. Հայոց պատմություն և մշակույթի պատմություն
6. Պարարվեստ
7. Տնօրենների վերապատրաստում
Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն ՀՀ ԿԳՄՍ նախարարության վկայագրեր:
Ծրագրի ընթացքում դասընթացների կազմակերպման, ուսուցիչների կեցության, թանգարանային այցելությունների և շրջագայության ծախսերը, ծրագրի բացման օրվանից մինչև փակման օրը, ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը: Ճանապարհածախսը, ներառյալ օդանավակայանից մինչև հյուրանոց, և Հայաստան մուտքի արտոնագրի (վիզա), բժշկական ճանապարհորդական ապահովագրության ծախսերը հոգում են մասնակիցները:
Վերապատրաստման սկիզբը համարվում է ծրագրի՝ հյուրանոց մուտքի օրը' հուլիսի 1-ը:
Ծրագրի ժամանակացույցը հետևյալն է՝
1 հուլիսի' հյուրանոց մուտքի և տեղավորման օր.
2 հուլիսի' ծրագրի պաշտոնական բացում.
28 հուլիսի՝ ծրագրի պաշտոնական փակում և վկայականների հանձնում.
29 հուլիսի' հյուրատնից ելքի օր:
Ավելի վաղ ժամանելու կամ ուշ մեկնելու դեպքում՝ կեցության ծախսերը հոգում են մասնակիցները: Հյուրանոցի սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 15-ը ներառյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացնել ուսուցչի կողմից լրացված և կրթօջախի տնօրինության կողմից վավերացված հայտը։
Մասնակցության պաշտոնական հաստատումներն ուսուցիչները կստանան իրենց էլեկտրոնային հասցեով՝ հայտը ստանալուց մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը: Երկրից և աշխատավայրից բացակայությունը հիմնավորելու համար պաշտոնական հրավերի անհրաժեշտության դեպքում' խնդրում ենք տեղեկացնել նախապես:
Վերապատրաստող կազմակերպության, հյուրանոցի և կեցության հետ կապված այլ տեղեկություններ, ինչպես նաև դասընթացների կազմակերպման և անցկացման այլ անհրաժեշտ մանրամասներ կփոխանցվեն մասնակցության հայտ ներկայացրած ուսուցիչներին:
Մասնակիցների համար նախատեսվում են նաև հանդիպումներ, ճանաչողական-ուսուցողական շրջայցեր և մշակութային ծրագիր: