Գեղարքունիքի մարզի համայնքներին, համաձայն ՀՀ կառավարության այս տարվա օգոստոսի 14-ի համապատասխան որոշման, հատկացվել է գարնանացան գարու, առվույտի եւ կորնգանի սերմացու, որոնք այս օրերին անհատույց տրամադրվում են օգտատերերին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վանիկ Հովհաննիսյանը, սերմացուն բաշխվում է ըստ մարզի բնակչության ընդհանուր թվաքանակի:

 

Ընդհանուր հաշվով մարզ է ներկրվել 225 տոննա 250 կգ գարնանացան գարու, 30 տոննա 794 կգ առվույտի եւ 34 տոննա 082 կգ կորնգանի սերմացու: Նշված կուլտուրաներից համայնքներում 1 շնչին բաժին է հասնում 955 գրամ գարնանացան գարու, 143 գրամ առվույտի և 158 գրամ կորնգանի սերմացու: Գեղարքունիքի մարզի համայնքներին հասանելիք սերմացուների բաշխումը կատարվում է համայնքների բնակիչների թվաքանակի վերաբերյալ նախապես ներկայացված հայտերի հիման վրա, Գեղարքունիքի մարզպետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի անդամների վերահսկողությամբ:

 

Համայնքներում սերմացուների բաշխումը տեղի կունենա այդ նպատակով հրավիրվելիք ավագանիների նիստերի ընթացքում կայացրած որոշումների հիման վրա:

 

 

Խոսրով Խլղաթյան