Հայկական ակնաբուժության նախագիծը և Orange Հիմնադրամն ամփոփում են 2015թ.-ի համագործակցության արդյունքները.
Orange Հիմնադրամը և Հայկական ակնաբուժության նախագիծն (ՀԱՆ) ամփոփում են «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում այս տարի իրականացված աշխատանքների արդյունքները: 2011թ.-ից ի վեր այս համագործակցության շնորհիվ Հայաստանի մարզերի շուրջ 87,700 բնակիչ անվճար օգտվել է ակնաբուժական որակյալ ծառայություններից։
2015թ.-ին ծրագրում ընդգրկվել են Կոտայքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերը, որտեղ նախ իրականացվել են ակնային ստուգումներ, ապա Աչքի շարժական հիվանդանոցում (ԱՇՀ) կազմակերպվել են բնակիչների վիրահատություններ և լազերային միջամտություններ։ Նշված չորս մարզում ակնային ստուգում է անցել 9,433 մեծահասակ և 10,694 երեխա, որոնցից 1,726 մեծահասակ վիրահատվել կամ լազերային բուժում է ստացել ԱՇՀ-ում, 1,277-ին տրամադրվել է ակնոց, իսկ 1,700 երեխա մասնակցել է աչքի խնամքի վերաբերյալ հանրային կրթության դասընթացներին։
«Հպարտանում ենք Orange Հիմնադրամի հետ 5-ամյա համագործակցության արդյունքներով։ Այս տարիների ընթացքում «Լույս հայ աչքերին» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվել են ակնաբուժական անվճար բարձրորակ ծառայություններից և էապես բարելավել, իսկ շատ դեպքերում՝ վերականգնել տարիներ շարունակ կորցրած տեսողությունը։ Սա ռազմավարական ծրագիր է, որն ընդգրկում է ողջ հանրապետությունը և ներառում ակնաբուժական ծառայությունների ամբողջ համակարգը՝ հանրային կրթությունից մինչև վիրահատություն», - ասաց ՀԱՆ-ի հայաստանյան գրասենյակի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարվարա Քալաշյանը։
««Լույս հայի աչքերին» ծրագիրը, որն իրականացնում ենք մեր գործընկերների հետ համատեղ արդեն 5 տարի շարունակ, Orange Հիմնադրամի կարևորագույն նախաձեռնություններից է, քանի որ այն օգնում է տասնյակ հազարավոր մարդկանց՝ իրական ու շոշափելի փոփոխություն բերելով նրանց կյանքում: Հպարտությամբ նշում ենք, որ այս համագործակցության ընթացքում արդեն ավելի քան 87’000 մարդ օգտվել է բարձրակարգ ակնային ծառայություններից, սակայն, դեռևս կարիք կա ծրագիրը շարունակելու. այսպիսով՝ մյուս տարի Աչքի շարժական հիվանդանոցը կրկին կմեկնարկի իր շրջայցը Հայաստանի մարզերով», նշեց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:
2011-2015թթ. Հայկական ակնաբուժության նախագծի և Orange Հիմնադրամի համագործակցության շնորհիվ 61,394 մեծահասակ և 26,301 երեխա ակնային զննում է անցել, որոնցից 11,466-ը՝ կրկնակի մանրամասն հետազոտություն ԱՇՀ-ում, իրականացվել է 7,277 վիրահատություն և լազերային բուժում, բաժանվել է 25,458 ակնոց, 6,749 երեխա մասնակցել է աչքի խնամքի վերաբերյալ դասընթացների: