ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է, որ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած պայմանագրային զինծառայողները, սպաները, ինչպես նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցած անձինք ևս կարողանան օգտվել անվճար բարձրագույն կրթության իրավունքից: Աբրահամյանը «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Նախագիծը վերաբերում է զինծառայողների կրթության իրավունքի իրացմանը: Գործող օրենքը սահմանում է, որ մարտական խնդիր կատարելիս, եթե պարտադիր ժամկետային զինծառայողը ստանում է առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, ապա նա կարողանում է օգտվել անվճար կրթության իրավունքից: Ես առաջարկել եմ, որ դա վերաբերվի ոչ միայն պարտադիր ժամկետային զինծառայողներին, այլ նաև պայմանագրային անձնակազմին՝ այդ թվում նաև սպաներին»,-ասաց Աբրահամյանը:
Երկրորդ փոփոխությամբ պատգամավորն առաջարկում է հնարավորություն տալ նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաների: Աբրահամյանը պարզաբանեց այս փոփոխությունն այն սպաներին է վերաբերում, որոնք 20 տարվա ծառայությունն արդեն ավարտվել են և երկարամյա զինվորական կենսաթոշակի իրավունք են ստացել, դա պայմանական լինում է 36-37 տարեկանում: Ըստ նրա՝ այդ անձանց քաղաքացիական կյանք մտնելու համար անհրաժեշտություն կա ապահովել որոշակի պայմաններով, նրանք մագիստրատուրա, ասպիրանտուրա սովորելով, քաղաքացիական մասնագիտություն ստանալով ապրուստի շատ ավելի լավ պայմաններ կունենան:
Կառավարությունն առաջին առաջարկի առնչությամբ ոչ միայն դրական եզրակացություն է տվել, այլ նաև առաջարկել է ընդլայնել շահառուների ցանկը:«Առաջին և երկրորդ խմբի զինհաշմանդամներին պետք է տալ այս հնարավորությունը, որ իրենք ուսումնառությունը շարունակեն, և այս օրենքի հնարավորությունը չտարածվի միայն ժամկետային զինծառայողների վրա»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ իրենց վիճակագրությամբ խոսքը շուրջ 1600 պայմանագրային զինծառայողի մասին է, որոնք ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:
Ինչ վերաբերվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող սպաներին այդ հնարավորությունը տալուն՝ Սարգսյանն ասաց, որ կառավարությունն առաջարկում է ձեռնպահ մնալ այդ փոփոխությունից: «Այս տրամաբանության մեջ զբաղվածության կենտրոններից պարբերաբար այցելել են զորամասեր, շփվել զորացրման ենթակա սպաների հետ, հետաքրքրվել այն ոլորտներից, որոնցով նրանք հետաքրքրված են և դրանցով նախատեսել են այդ մասնագիտական վերապատրաստումները, և պետությունն այդ ողջ ծախսը վերցրել է իր վրա»,-ասաց Սարգսյանը:
Ըստ կառավարության՝ երկարամյա ծառայության համար զորացրվածներին արդեն իսկ օրենքի կարգավորման դաշտում տրված է այդ հնարավորությունը: Աբրահամյանը, սակայն այդ վերապատրաստումները բավարար չհամարեց, նկատեց՝ օրենքը սահմանում է, բայց դրա համար կառավարության որոշում չկա: Սակայն, պատգամավորը, անդրադառնալով նախագծի երկրորդ հատվածը փոփոխելուն, ասաց, որ, եթե ՊՆ-ն պատրաստ է քննարկել ճանապարհները, պատրաստ է հետաձգել, դրա շուրջ աշխատել: Աբրահամյանն առաջարկեց հանձնաժողովում այս տարբերակով քվեարկել, հետո աշխատել նախագծի շուրջ: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց նախագիծն ընդունել՝ վերապահումներով, փորձել կառավարության ներկայացրած առաջարկներով գտնել լուծումներ, առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ լուծել առաջացած տարաձայնությունները:
Քվեարկությամբ առաջարկն ընդունվեց: