Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ներկայացրել է կարծիք՝ «Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ, տեղեկացնում է ՄԻՊ մամուլի ծառայությունը:
Նախագծով սահմանվում են սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները:
Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկել է նախատեսել, որ անօրինական կերպով ծառայությունից արձակված զինծառայողը ծառայության վերականգնման դեպքում շարունակի օգտվել պետության կողմից վարկի տոկոսի սուբսիդավորման և եկամտահարկի վերադարձման պայմաններից:
Առաջարկվել է նաև հստակեցնել պետության կողմից վարկի սուբսիդավորման չափը, ինչպես նաև դիմում-հայտի համար ներկայացվող պահանջները: