Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է առաջարկներ Արդարադատության նախարարության կողմից մշակված և Պաշտպանին կարծիքի ներկայացված՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեականացնել փաստաբանի լիազորությունների իրականացման հետ կապված վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, դրանից բացի, իրականացվել է Պաշտպանին հասցեագրված բողոքների և ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման արդյունքում վեր հանված խնդիրների ամբողջական վերլուծություն: Այդ վերլուծությունների արդյունքներով Պաշտպանը ներկայացրել է նոր առաջարկներ, որոնք կոչված են պաշտպանելու փաստաբանի մասնագիտական աշխատանքը խոչընդոտներից:
Նախագծի կարգավորումների հետ միաժամանակ առաջարկվել է նաև`
- ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժ ազատազրկման ձևով.
- Վերոնշյալ հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար, եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինի չթույլատրելով:
Մարդու իրավունքների պաշտպանի համար այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձի նկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը՝ դեռևս 2017 թվականին Պաշտպանի կողմից մշակվել և իրավապաշտպան կազմակերպություններին կարծիքի է ներկայացվել համապատասխան նախագիծ, որը տեղադրվել է նաև «www.e-draft.am» կայքում. https://www.e-draft.am/projects/1478
Նախագիծն ու հիմնավորումները ներկայացվել են Ազգային ժողովին և Կառավարությանը:
Կից ներկայացվում է նախագիծը և դրա հիմնավորումը.
http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/a9a369347bd7cfe5fb44fac369e0c849.pdf
http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/bb63dde2e4ab735cae75d311efb000f5.pdf