Իսրայելացի սիրող ակվալանգիստները Միջերկրական ծովի հատակին հայտնաբերել են երկրի պատմության մեջ ոսկեդրամների ամենախոշոր գանձը, որն, ինչպես կարծում են պրոֆեսիոնալ հնագետները, կարող է դառնալ էլ ավելի սենսացիոն գտածոյի՝ ջրասույզ եղած միջնադարյան նավի նախանշանակը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Դայվ-ակումբի հինգ անդամներ, որոնք հանգստյան օրերին սուզվում են Կեսարիա հնադարյան քաղաքի նավահանգստում, նախ կարծել են, թե իրենց առաջ սեղանի խաղի խաղանիշեր են: Համոզվելով, որ դա իսկական ոսկի է, նրանք կանչել են մասնագետների և նրանց հետ բարձրացրել 2 հազար ոսկեդրամը, փետրվարի 18-ին հաղորդել է Իսրայելի Հնությունների վարչությունը: Դրանք թվագրված են IX – XI դարերով և հատվել են Եգիպտոսում, որն այն ժամանակ վերահսկում էր ժամանակակից Իսրայելի տարածքը:
«Նման քանակի ոսկեդրամների գտածոյի կապակցությամբ, որոնք այն ժամանակ վիթխարի գնողունակություն ունեին, հարց է առաջանում, թե որտեղից են դրանք հայտնվել, և այստեղ մի քանի վարկած կա: Հնարավոր է՝ մենք գտել ենք այն նավի խորտակման վայրը, որը Եգիպտոս էր տանում հավաքված հարկերը: Գուցե, մետաղադրամները նախատեսված են եղել Կեսարիայում բանակած եգիպտական կայազորի ռոճիկների վճարման համար»,- ասում է Հնությունների վարչության ծովային հնագիտության բաժնի տնօրեն Քոբի Շարվիտը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, ևս մեկ վարկած է՝ խոշոր առևտրական նավի խորտակումը: Պատասխաններ գտենլու նպատակով հնագետները պատրաստվում են շարունակել գտածոյի վայրի հետազոտությունները, որն, ինչպես նրանք են կարծում, բացահայտվել է ձմեռային փոթորիկների շնորհիվ: