Հունաստանի խորհրդարանը անվանական քվեարկության ընթացքում երկրի նախագահ է ընտրել 65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ներկայում գլխավոր ընդդիմադիր կուսակցության՝ «Նոր ժողովրդավարության» ճամբարից աջ կենտրոնամետ փորձառու քաղաքական գործչի թեկնածությունը փետրվարի 17-ին առաջար կել էր հանրապետության վարչապետ Ալեքսիս Ցիպրասը:

 

Պավլոպուլոսին աջակցություն են հայտնել Արմատական ձախ ուժերի կոալիցիան (ՍԻՐԻԶԱ), «Անկախ հույներ» կուսակցությունը, որը կրտսեր գործընկերոջ իրավունքներով մտնում է կառավարական կոալիցիայի մեջ, ինչպես նաեւ «Նոր ժողովրդավարությունը»: Այս երեք կուսակցությունները 238 պատգամավոր ունեն երկրի 300-տեղանոց միապալատ խորհրդարանում:

 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, «Պոտամի» («Գետ») ոչ մեծ կենտրոնամետ կուսակցությունը եւ Համահունական սոցիալիստական շարժումը առաջադրել էին այլընտրական թեկնածուի՝ սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Նիկոս Ալիվիզատոսին, բայց նա ընտրվելու շանսեր չի ունեցել: