Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը' փետրվարի 19-ը, նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս տարի ևս, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող մի շարք թանգարաններում կանցկացնեն տոնի խորհրդին համահունչ միջոցառումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փետրվարի 19-ին Ե. Չարենցի տուն-թանգարանում կբացվի «2014 թվականին տուն-թանգարանին նվիրված ընծայագրով գրքերը» խորագիրը կրող ցուցահանդես, որի շրջանակում տեղի կունենա հանդիպում Արվեստի և գրականության ժողովրդական համալսարանի մի խումբ ներկայացուցիչների հետ, ինչպես նաև «Գիրքը որպես հոգևոր արժեք» թեմայով քննարկում: Այնուհետև ելույթ կունենան Ե. Չարենցի անվան ասմունքի ամենամյա փառատոնի մրցանակակիրները:
Նույն օրը Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի նախաձեռնությամբ' Հովհաննես Թումանյանի ծննդավայր Դսեղում, բանաստեղծի տուն-թանգարանում կանցկացվի գրական ցերեկույթ' գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: Միջոցառման ընթացքում Գրականության և արվեստի թանգարանի կողմից' տնօրեն Կարո Վարդանյանը գրքեր կնվիրի Հովհաննես Թումանայի տուն-թանգարանին և Դսեղի միջնակարգ դպրոցի գրադարանին:
Գրքի տոնի կապակցությամբ' Երվանդ Քոչարի թանգարանն իր այցելուներին կնվիրի Քոչարի ստեղծագործությունների վերատպությունների հավաքածուն:
Հովհաննես Թումանյանի թանգարանն իր այցելուներին կդիմավորի «Կեցցե՛ Թումանյանը» խորագրով բաժակաճառերով և հյուրասիրությամբ (միջոցառումների ժամանակացույցը կցվում է):
Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանն այս տարի ևս' «Մշակույթը՝ պատվար» ծրագրի շրջանակում կհամալրի Սիսիանի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության գրադարանային ֆոնդը:
Օրբելի եղբայրների տուն-թանգարանում կկայանա թանգարանի և Ծաղկաձորի դպրոցի աշակերտների նախաձեռնած' «Երբ գիրքը գտնում է ընտերցողին» խորագրով միջոցառումը. կընթերցվեն «Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից» գրքում ներառված բարոյախրատական, դաստիարակչական նամակները: Կցուցադրվի նաև Մխիթարյան միաբանության տպարանի մասին պատմող ֆիլմ: