ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը միացել էր ՄԱԿ-ի նախկին Գլխավոր քարտուղար Քոֆի Անանի հիշատակին նվիրված Միավորված ազգերի կազմակերպության հայտարարած սգո օրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչությունից, օգոստոսի 19-ից՝ կիրակի, մինչև օգոստոսի 22-ը՝ չորեքշաբթի օրը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դրոշն իջեցվել էր։
Օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան թիմը մեկ րոպե լռությամբ հարգեց պետական գործիչ, դեպի լավը առաջնորդող ուժի մարմնացում, կայուն զարգացման, ավելի արդար և խաղաղ աշխարհի ջատագով Քոֆի Աննանի հիշատակը։
Կոֆի Անանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի Մշտական համակարգող Շոմբի Շարփը արժևորեց նախկին Գլխավոր քարտուղարի հսկայական դերը՝ որպես խաղաղության և ամբողջ մարդկության համար մարդու իրավունքների համաշխարհային առաջամարտիկ, ով միևնույն ժամանակ դիմակայել է իր պաշտոնավարության փոթորկոտ ժամանակաշրջանի 1997-2006թթ մարտահրավերներին։
ՄԱԿ-ի Մշտական համակարգողի ժ/պ Տանյա Ռադոչայը,Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, Հայաստանում Հունաստանի, Լեհաստանի, Իտալիայի, Իրանի Իսլամական Հանրապետության, Բելառուսի, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Լիբանանի և այլ երկրների դեսպաններ գրառում կատարեցին սգո մատյանում, որ բաց էր երկուշաբթի օրը՝ օգոստոսի 20-ից և մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 22-ը:
Քոֆի Աննանը (Գանա) ՄԱԿ-ի յոթերորդ Գլխավոր քարտուղարն է: Քոֆի Անանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար է եղել 1997թ. հունվարի 1-ից մինչև 2006թ. դեկտեմբերի 31-ը, ու նա առաջինն է եղել, ով սկսել է որպես շարքային պաշտոնյա և ծագումով Ենթասահարայից է եղել։