Այսօր՝ ապրիլի 29-ին, Բաղրամյան պողոտայի 3-րդ նրբանցքի բնակելի շենքերի բակում ծառահատումներ են իրականացվել, որն էլ առաջացրել էր բնակիչների դժգոհությունը։
«Այսօր արդեն կտրում եմ 60-70 տարվա ծառեր: Ժողովուրդը չի թողնում, որ կտրեին, բայց ոստիկանները եկան, մեզ հանեցին, մի 2 հոգու էլ տարան բաժին։ Ոստիկանները պաշտպանում են տարածքը ձեռք բերած սեփականատիրոջը: Գնում ու դիմում ենք ամեն տեղ, բայց ոչ մի արդյունք»,- ասաց բնակիչներից մեկը:
Ըստ բնակիչների խոսքերի՝ տարածքը վաճառվել է ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու, որն էլ որոշել է հատել ծառերը. «Ես վիրավորվում եմ նրանից, որ ոստիկանները ադրբեջանցուն են պաշտպանում, մեզ պաշտպանելու փոխարեն: Այս այգուց ենք օգտվում բոլորս, երեխաների խաղահրապարակ կա, մարդիկ երեխաներին իջեցնում են զբոսանքի։ Մենք միայն մեկ ամիս առաջ իմացանք, որ այդ տարածքը սեփականաշնորհվել է»,- ասաց բնակիչը:
Վերջինս անհանգստացած է, թե «կանաչ զոնան» վերացնում են, որ շենք կառուցե՞ն. «Տարածքի նոր սեփականատերը հայտարարել է, թե պետք լինի, այդտեղ տեղադրված խաչքարն էլ կհանեմ, որը նվիրված է պատերազմում զոհված Արմեն Մարտիրոսյանի հիշատակին»,- տարակուսած նշեց բնակիչը: