Կառավարության որոշմամբ՝ կստեղծվի կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ, որը կգլխավորի Հովիկ Աբրահամյանը:

 

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ նպատակը կոռուպցիոն ռազմավարության, դրա հիման վրա մշակված տարբեր ծրագրերի, միջոցառումների քննարկումն ու անցկացումն է:

 

Խորհրդի կազմում ընդգրկվելու են նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ:

 

Ի պատասխան լրագրողի այն հարցին, թե որոնք են մեր երկրում ամենաշատ կոռումպացված ոլորտները, Արդարադատության նախարարն ասաց, որ նման վերլուծություն չունի, թեպետ կոռուպցիան իրականում մեծ լատենտայնություն ունի, վերլուծությունները շատ սուբեյտիվ են և գնահատողական: Նման վերլուծություններն ավելի շատ հանրային սեկտորի գործ են, էքսպերտային աշխատանքներ են:

 

«Ես կարծում եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ավելի արդյունավետ իրականացվի: Դրա համար բացի ինստիտուցիոնալ հիմքերից, իհարկե, քաղաքական կամքն է հարկավոր: Եթե քաղաքական կամքը չլինի, ցանկացած իդեալական ինստիտուցիոնալ լուծում չի կարող տեղից շարժվել: Այո՛, քաղաքական կամքն անհրաժեշտ է ցանկացած ինստիտուցիոնալ լուծումն իրագործելի դարձնելու համար»,- ասաց նախարարը: