Սիրիական բանակը փետրվարի 19-ին նահանջել է Հալեպի հյուսիսում գտնվող Ռաթյան գյուղից:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով լիբանանյան «Ալ Մայադին» գործակալությունը, զինյալները հայտարարել են 35 զինվորի գերի ընկնելու մասին:

 

Սիրիական բանակը Ռաթյան գյուղում իրականացվող ռազմական գործողությունների ընթացքում պայթեցրել է զինյալներին պատկանող 400 մետր երկարությամբ թունելը, որը ձգվում է Ռաշիդին շինություններից մինչև Հալեպի արևմտյան հատվածներ:

 

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ զինյալները բանակցում են սիրիական բանակի հետ գերիների փոխանակման շուրջ:

 

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, սիրիական բանակը Հոմսի արևելքում գտնվող Շայիր շրջանի մերձակայքում ԻՊ-ի 24 ահաբեկչի է ոչնչացրել, ոչնչացվել են նրանց զենքերը: Տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Դամասկոսի մերձակայքում գտնվող Խան Շեյխ, ինչպես նաև Այն ալ Բուսթան գյուղերում:

 

Սիրիայում մոտ 4 տարի շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը, ՄԱԿ-ի տվյալներով, մոտեցել է 200 հազարի: Վերջին մի քանի օրում սիրիական բանակը լայնածավալ գործողություններ է իրակացնում Հալեպի որոշ թաղամասերում և մերձակա գյուղերում՝ ազատագրելով տարածքներ և մեծ վնասներ հ ասցնելով զինյալներին: