Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը վախեցած է հայկական սփյուռքի ազդեցիկ աշխատանքով Միացյալ Նահանգներում: Նա օգտագործել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մայքլ Թուրների հետ հանդիպման առիթն ու կրկին հայտարարել է Հայոց ցեղասպանության հարցը տարբեր երկրների խորհրդարանների քննարկումներից դուրս բերելու անհրաժեշտ ության մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Չիչեքը Թուրներին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունելության ժամանակ նուրբ սպառնալիք է դրել իր խոսքում' հավատացնելով, իբր, որ «հայկական սփյուռքը մի արշավ է սկսել, որը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին»:

 

Մեջլիսի խոսնակն ասել է, թե Թուրքիան պատրաստ է առերեսվել իր անցյալում տեղի ունեցած դեպքերի հետ' չմոռանալով հավելել, որ «պատմության ընթացքում գրանցված ցավոտ դեպքերն ուսումնասիրելը պատմաբանների և գիտնականների գործն է, իսկ խորհրդարանականներն այստեղ անելիք չունեն»: