Թուրքիայի մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը Բելառուս կատարած իր այցն օգտագործել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական քարոզչամեքենայի ստերը տարածելու համար:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, Չիչեքը Բելառուսի Ազգային ժողովի նախագահ Անատոլի Ռուբինովի հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ դժգոհել է հայկական սփյուռքի' Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունից:

 

Մեջլիսի նախագահը կրկին բարձրաձայնել է այն միտքը, թե Ցեղասպանության լինել-չլինելու հարցը պատմաբանների գործն է, և այստեղ խորհրդարանականները չպետք է խառնվեն: Խոսելով ժամանակ առ ժամանակ Բելառուսից խորհրդարանական խմբերի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր արվող այցելությունների մասին'Չիչեքը նշել է, թե Ռուբինովը թույլ չի տա, որ «պատգամավորներն ու բելառուս հասարակությունը գործիք դառնան հայերի ձեռքին»: