ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը կարծում է, որ Սիրիայում ցանկացած լարվածություն անդրադառնալու է տարածաշրջանի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ասաց, որ այնտեղ լարվածության բարձր մակարդակը պայմանավորված է Դումա քաղաքում վերջերս քիմիական զենքի կիրառման հետ: Սա վերջին երեք տարիներին Սիրիայում ստեղծված միակ իրավիճակն է, երբ գերտերությունների կողմից առանց մյուս կողմի հետ հաշվի նստելու ռազմական ուժի կիրառման ռեալ վտանգ կա: «Ռուսական կողմը հերքեց, որ նման բան է եղել, բայց արևմտյան եւ ամերիկյան կոալիցիան պնդեց հակառակը: Այստեղ հիմնականում խոսքը հետևանքների վերացման մասին է»,-ասաց նա:
Արաբագետը Սիրիայի հայկական համայնքի համար ևս վտանգներ է տեսնում: «Սիրիայի հյուսիսում, որտեղ Թուրքիան մտադիր է ակտիվ գործողությունների անցնել, նույնպես հայեր կան: Թուրքիան այդ գործողություններին անցնելու համար սպասում է միջազգային հանրության արձագանքին»,-ասաց նա:
Քոչարյանը կարծում է, որ Ֆրանկոֆոնիայի համաժողովը, որին ներկա է լինելու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, շատ լավ հարթակ է այդ խնդիրները բարձրացնելու համար:
Դումա քաղաքում ապրիլի 7-ին իրականացված քիմիական հարձակման հետևանքով մոտ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել: Դումայից ստացվող տեսագրություններից պարզ է դառնում, որ տուժածների մեծ մասը կանայք և երեխաներ են: