Քեսաբում իրավիճակն այս պահին հանդարտ է, սակայն սխալ կլինի կանխատեսել, որ Քեսաբում այսուհետ անվտանգ է լինելու: Մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը: «Բոլորին է հայտնի, որ անցած տարի Քեսաբի վրա հարձակումը տեղի ունեցավ Թուրքիայի տարածքից և այդ երկրի իշխանությունների անմիջական թողտվությամբ: Այսինքն, երաշխիք, որ նման հարձակում չի կրկնվի, ոչ մեկ չի կարող տալÕ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան էական շահեր ունի Սիրիայի տվյալ շրջանի հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Պետրոսյանը:

 

Քեսաբին սպառնացող մյուս վտանգը սիրիական հակակառավարական ուժերն են, որոնց դիրքերը բավական կայուն են Քեսաբից արևմուտք գտնվող Իդլիբ նահանգում: «Այս նահանգի տարածքները հիմնականում ընդդիմադիր մի քանի խմբավորումների վերահսկողության ներքո են, և այստեղ նրանց ազդեցությունն ավելի ուժեղ է: Այս տեսանկյունից նոր հարձակումը Քեսաբի վրա չի բացառվում, քանի որ Քեսաբը Լաթաքիա նահանգում է, որը հիմնականում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետևորդներով բնակեցված շրջան է և թիրախային նշանակություն ունի: Այսինքն, որևէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ Քեսաբի վ րա նոր հարձակում չի լինելու»,- ընդգծեց արաբագետը՝ հավելելով, որ անցյալ տարվա դեպքերից հետո Սիրիայի կառավարական ուժերը ավելացրել են իրենց ներկայությունն այդ տարածքում, հատկապես Թուրքիայի հետ սահմանին, ինչը այս պահին կառավարական ուժերի համար ռազմավարական կարևորություն ունի:

 

Արաբագետը նկատեց, որ այսօր լրանում է ահաբեկիչների կողմից Քեսաբի վրա իրականացված հարձակման մեկ տարին: Նա հիշեցրեց, որ հունիսի 14-ին Սիրիայի կառավարական ուժերին հաջողվեց ազատագրել Քեսաբը, որից հետո Քեսաբից տեղահանված բնակչության մի մասը կրկին վերադարձավ իր բնակավայր: Դրանից հետո Քեսաբի մոտակայքում եղել են մանր ռազմական գործողություններ: «Անցյալ տարվա դեկտեմբերին այդ շրջանում եղան մանր ռազմական գործողություններ, որի ընթացքում Քեսաբի բնակչությունը կրկին տեղահանվեց Լաթաքիա, սակայն մեկ-երկու օր հետո, երբ ամեն ինչ ավարտվել էր, նրան ք կրկին վերադարձան իրենց բնակավայրերը: Անցած ամիս ևս վարչակարգային ուժերը մանր ռազմական գործողություններ իրականացրեցին այդ տարածքներում որոշակի ակտիվություն դրսևորող կողոպտիչ խմբավորումների դեմ, ինչից հետո իրավիճակը հանդարտվել է»,- եզրափակեց Պետրոսյանը:

 

2014. հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից ազատագրվել է Քեսաբ գյուղաքաղաքը, որը մարտի 21-ին Թուրքիայի սահմանից ներխուժած իսլամիստ զինյալների կողմից հայաթափվել էր: Գյուղաքաղաքից բնակիչների մեծ մասը տեղափոխվել էր առավել ապահով վայրեր, հիմնականում Լաթաքիա, իսկ որոշ ընտանիքներ, այդ թվում' մեծահասակներ, մնացել են իրենց տներում, հետո գերի վերցվել զինյալների կողմից, տարվել Թուրքիայի միակ հայկական' Վաքըֆ գյուղ, սակայն հետագայում նրանք ևս միացել են Լաթաքիայի իրենց հարազատներին: Քեսաբի ազատագրումից հետո մոտ 250 հայ ընտանիք վերադարձել է Քեսաբ: