Թուրքիայի իշխանամետ «Սաբահ» թերթը, հղում կատարելով երկրի հետախուզության աղբյուրներին, հայտնել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր' Սումեյա Էրդողանի նկատմամբ մահափորձ էր պատրաստվել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նշվում է, որ մահափորձը ծրագրվել էր իրականացնել խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նախատեսվում է անցկացնել առաջիկա հունիսի 7-ին:

 

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, որ Սումեյա Էրդողանը կարող է մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

 

Թուրքիայի իշխանամետ թերթը գրել է, որ երկրի ղեկավարի դստեր վրա մահափորձը ծրագրել են ներկայում ԱՄՆ-ում բնակվող իսլամական հասարակական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենի շարժման կողմնակիցները:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանը դստեր համար ցանկանում է պատգամավորական անձեռնմխելիություն ապահովել, որպեսզի նրան զերծ պահի հնարավոր քրեական հետապնդումներից:

 

Թուրք կրոնական գործիչ Ֆաթուլլահ Գյուլենը հայտնի է իսլամի իր չափավոր մեկնաբանությամբ: Գյուլենը նախկինում եղել է Էրդողանի դաշնակիցը, սակայն նրանց հարաբերությունները փչացել են 2013 թվականի դեկտեմբերին Էրդողանի մերձավոր շրջապատի անդամների, այդ թվում' նրա որդու, փեսայի եւ դստեր նկատմամբ աղմկալից խոշոր կոռուպցիոն բացահայտումներից հետո, ինչում Թուրքիայի առաջնորդը մեղադրել է Գյուլենի հետեւորդներին եւ հայտարարել, որ նրանք ցանկանում են տապալել իր կառավարությունը:

 

Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը, որտեղ նա բնակվում է 1998 թվականից: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: