ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիական տնտեսություններին հորդորում է ժամանակից շուտ չսկսել գարնան գյուղատնտեսական աշխատանքները, քանի որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Օգտվելով ընթացիկ տարվա բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով ստեղծված հնարավորություններից' Արարատյան հարթավայրի մի շարք համայնքներում սկսվել են պտղատու ծառատեսակների, իսկ առանձին վայրերում' նույնիսկ խաղողի վազերի էտի ու ձևավորման, կարտոֆիլի տունկի աշխատանքները: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ցածրադիր տարածաշրջաններում մինչև մարտի վերջ կարող են դիտվել սառնամանիքներ, իսկ մինչև ապրիլի 3-րդ տասնօրյակի սկիզբը պահպանվում է ցրտահարությունների վտանգը:

 

Հետագա հնարավոր կորուստներից խուսափելու նպատակով նախարարությունը հորդորում է Արարատի, Արմավիրի մարզերի և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածի համայնքների գյուղացիական տնտեսություններին ավելորդ շտապողականություն չցուցաբերել և առայժմ կազմակերպել միայն հնդավոր (խնձորենի, տանձենի, սերկևիլենի), իսկ փետրվարի 25-ից հետո' կորիզավոր (դեղձենի, ծիրանենի և այլն) պտղատեսակների էտի աշխատանքները: Խաղողի այգեբացը, վազերի էտը և վաղահաս կարտոֆիլի տունկը նպատակահարմար է իրականացնել մարտի 5-ից հետո»: