Հայոց ցեղասպանության տարելիցի օրը Չանաքքալեի պատերազմում զոհվածների հիշատակի օրը նշելը թուրքական պետական մտածողության համար նոր երևույթ չէ: Նմանօրինակ փորձ վերջիններս ձեռնարկել էին նաև ութ տարի առաջ' առաջարկելով ապրիլի 24-ին նշանակել Աղթամար կղզում վերանորոգված հայկական Սուրբ Խաչ եկեղեցու բացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ակոս»-ում հրապարակված «Նախ Աղթամարը, ապա Չանաքքալեն. պետության անվերջանալի խաղերը» խորագիրը կրող հոդվածում գրել է ճարտարապետ, գրող Զաքարիա Միլդանօղլուն:

 

 

 

Նա պատմել է, որ դեռևս 2005 թվականին Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով ներգրավվել էր Սուրբ Խաչ հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքներին: «Մեսրոպ Երկրորդ պատրիարքի հետ այդ տարիներին ընկերացել էինք: Ժամանակ առ ժամանակ սերտ քննարկումներ էինք ունենում: Երկար ժամանակ «դիմադրեց» աշխատանքներին տեղում ծանոթանալու իմ առաջարկին: Երբ հարցրեցի, թե ինչու, ասաց.

 

 

«Երբ ես հիմա այնտեղ գնամ, իմ առջև լրագրողական մեծ բանակ դուրս կգա, կսկսեն ինձ Հայոց ցեղասպանության մասին հարցեր ուղղել, ես ի՞նչ եմ ասելու»,- գրել է Մ իլդանօղլուն' պատմելով, որ հետագայում պատրիարքի հետ համաձայնության են եկել այն մասին, որ լրագրողներին հանդիպելու ժամանալ Մութաֆյանն ասելու էր, որ հոգևոր գործիչ է և նմանատիպ հարցերին իր փոխարեն պատասխանելու է հենց Միլդանօղլուն:

 

 

«Այդ ժամանակ մի քանի անգամ գնացինք Վան: Իրավացի էր' առաջին հարցն այն էր, թե ինչ է մտածում Հայոց ցեղասպանության մասին: Այդ ընթացքում տասնյակ անգամներ գնաց-եկավ Աղթամար: Եվ որպեսզի Աղթամարում հավաքված բոլոր գործակալությունների ներկայացուցիչները չվերածեին տարածաշրջանը քաղաքական դաշտի, ես ակնեղծորեն պատասխ անեցի, որ, իմ կարծիքով, 1915 թվականին կատարվածը Ցեղասպանություն էր»,- հոդվածում պատմել է Միլդանօղլուն:

 

 

Նա ներկայացրել է, թե ինչպես իրենք տեղեկացան Թուրքիայի մշակույթի նախարարության մտադրությանը' վերանորոգումից հետո եկեղեցու բացումն անել ապրիլի 24-ին: Այս նորությունը բացասական հակազդեցության հանդիպեց տարբեր կողմերից: Պատրիարքը հայտարարությամբ հանդես եկավ և քննադատեց Աղթամարը որպես քաղաքականության նյութ օգտագործելու փաստը: «Հուսով ենք, որ այս տեղեկությունը ճիշտ չէ:

 

 

Քանի որ այս նախաձեռնությունը, ինչ էլ որ այն անվանենք, ոչ այլ ինչ է, քան մի ժողովրդի ցավերը քաղաքական նպատակներով օգտագործելու անզգամ վերաբերմունք և անգամ ծաղրանք: Այժմ ևեթ բացեիբաց ասում եմ, որ ոչ մի հայ քաղաքացի' այդ թվում և ես, չենք մասնակցելու ապրիլի 24-ին կայանալիք բացման արարողությանը»,- այդ ժամանակ հայտարարել էր Մութաֆյանը:

 

 

Հիշեցնելով Աղթամար կղզում վերանորգված հայկական եկեղեցու պատմությունը' Միլդանօղլուն մեջբերում է անում' նշելով. «Պետության խաղը չի դադարում»: Նա մեկ անգամ ևս ներկայացնում է ապրիլի 24-ին Չանաքքալեի հետ կապված թուրքական պետության նախաձեռնած նոր խաղը' արձանագրելով, որ այդ ամենը թուրքական պետության կեղծավոր դիրորոշման դրսևորումներն են: «Այս պահին պատմությունը ձայն է տալիս մեր հիշողություններին և ևս մեկ անգամ հիշեցնում Մեսրոպ պատրիարքի խոսքերը. «Բացման արարողությանը չեմ մասնակցելու»,- եզրափակել է հոդվածը Միլդանօղլուն: