2018-ին անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդիրներին՝ Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը էրեբունիում կայացած հանրահավաքին նշել էր, որ այսօր արդեն տրանսպորտը ոչ թե A կետից B կետ տեղափոխելու, այլ պատվի հարց է: «Ներդրումների միջոցով արդիականացնում ենք ամբողջ տրանսպորտային ցանցը: Ներմուծելու ենք միասնական տոմս և լինելու է զեղչային համակարգ բնակչության հատուկ խմբերի համար: Գծերը և գծատերերն իսպառ վերանալու են»,- ասել էր քաղաքապետի թեկնածուն և հավելել, որ ներմուծելու են երեք չափի ավտոբուսներ՝ մեծ, միջին և փոքր: 

 


Մարությանը արդեն քաղաքապետի թեկնածու չէ, նա ընտրված քաղաքապետ է, այն էլ՝ ոչ մեկ տարի: Սակայն, հորիզոնում չեն նշմարվում ոչ տրանսպորտային նոր ցանցը, ոչ էլ առավել ևս գծատերերից ազատվելու հնարավորությունը: Ավելին՝ այսօր՝ համաճարակի և տնտեսական ճգնաժամի իրավիճակում, քաղաքապետարանը ակնարկում է, որ վարորդների օրվա պլան կոչվածի նվազեցումը՝ կապված ուղևորահոսի նվազման հետ մասնավոր բիզնեսին առնչվող հարց է և այստեղ իրենք կարող են միայն քննարկել հարցը գծատերերի հետ: Այն գծատերերի հետ, որոնք, ըստ Մարությանի տրամաբանության և խոստումների, արդեն իսկ պետք է վերացած լինեին և մնային միայն երևանցիների վատ հիշողություններում: Սակայն, այսօր քաղաքապետարանը, փորձելով գտնել լուծումներ, միևնույն ժամանակ ստիպված է ընդունել, որ իր գործիքակազմը սահմանափակ է, օրվա պլան կոչվածն էլ վարորդները պետք է վճարեն՝ կաշվից դուրս գալով, թե ինչպես՝ թերևս իրենք էլ չգիտեն: Օրվա պլան կոչվածը ուռճացված է եղել անգամ սովորական իրավիճակում, երբ ուղևորահոսքի հետ կապված խնդիրներ չեն եղել, իսկ այսօր հնարավոր է, որ վարորդները 10 ժամ աշխատելով քերեն միայն օրվա պլանը՝ չկարողանալով տուն տանել անգամ 1000 դրամ: 


Շատերի կարծիքով նոր տրանսպորտային ցանցի ներդրումը ձգձգվում է հենց նույն գծատերերի պրեսինգի արդյունքում: Բնական է՝ դա նրանց բիզնեսին ձեռնտու չէ, դա ձեռնտու է առաջին հերթին երևանցիներին: Իսկ քաղաքապետարանի գործողություններն այսօր երևանցիների շահերից չեն բխում և ավելի շատ նման են՝ գծատերերի ջրաղացին ջուր լցնելուն…