Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը' պատասխանելով Panaramenian.net լրատվական կայքի հարցին, թե «Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ»։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, նա նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման առաջարկները ներկայացված են այդ երկրների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ղեկավարների հինգ հայտնի հայտարարություններում։

 

 

«Ինչպես բազմիցս նշել ենք, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը պատրաստ է այդ առաջարկությունների հիման վրա շարունակել հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները»,- շեշտել է ԱԳՆ խոսնակը' հավելելով, որ դրա համար առաջին հերթին, ինչպես իրենց հայտարարություններում ընդգծել են եռանախագահ երկրների ղեկավարները, հարկավոր է արագացնել Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության ձեռք բերումը, որից հետո հնարավոր կլինի սկսել խաղաղության պայմանագրի մշակումը։

 

 

«Համանախագահները տարածաշրջան իրենց այցելության արդյունքների մասին այսօր հրապարակված հայտարարության մեջ տեղեկացնում են, որ կողմերին են ներկայացրել հրադադարի ամրապնդմանն ուղղված առաջարկներ։ Արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է այդ առաջարկություններն ընդունել։ Մինչ այսօր այդ կարգի բոլոր առաջարկությունները Բաքվի կողմից մերժվել են»,- ընդգծել է Տիգրան Բալայանը։