Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվում է հավատարիմ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից զերծ մնալու սկզբունքին: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը' արձագանքելով Մյունխենում անվտանգության խորհրդաժողովում Ալիեւի ելույթին:
«Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Ադրբեջանի նախագահը ներկայացրել է ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ սեփական աղավաղված պատկերացումները: Ալիեւը հրաժարվում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման երեք սկզբունքներին, որոնք առաջարկել են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' գրել է Բալայանը:
Ալիեւը Մյունխենում կրկին փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը' ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող սեփական մոտեցումները ԼՂ հակամարտության վերաբերյալ' նշելով, թե հայկական կողմն է մեղավոր սահմանային լարվածության, հակամարտության լուծման ձգձգման համար, պնդել է, թե Հայաստանն անտեսում է միջնորդների ջանքերը: