Բուլղարիան հավատում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և Եվրամիության աջակցությամբ: Այս մասին ՀՀ նախագահական նստավայրում հայտարարեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը' անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին' հետևյալ ձևակերպմամբ. «Պարոն Ռադև, ադրբեջանական լրատվամիջոցները պարբերաբար աղավաղում են Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ տարբեր երկրների, այդ թվում' Բուլղարիայի մոտեցումները: Կներկայացնե՞ք Ձեր դիրքորոշումը և արդյոք այն համընկնո՞ւմ է Եվրամիության դիրքորոշման հետ»:
«Բուլղարիան շատ հստակ դիրքորոշում է ունեցել, որ հիմնահարցը կարող է լուծվել խաղաղ միջոցներով' Մինսկի խմբի միջնորդությամբ' ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի համանախագահությամբ, և ԵՄ աջակցությամբ: Շատ կարևոր է երկու երկրների նախագահների ակտիվ երկխոսությունը, որն ավելի քիչ էմոցիաների ու ավելի շատ խոհամտության վրա հիմնվի: Որպես Եվրոպական միության խորհուրդը նախագահող երկիր Բուլղարիան կաջակցի այս դիրքորոշման առաջ մղմանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց նախագահ Ռադևը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով փետրվարի 11-ին պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ:
Նախագահ Ռումեն Ռադևին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կհյուրընկալի նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումից հետո Բուլղարիայի Նախագահը կայցելի Մայր Տաճար և գանձատուն: Հայաստան պետական այցի շրջանակներում Բուլղարիայի Հանրապետության նախագահը կայցելի նաև Մատենադարան, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն և Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոց: