ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը լքող Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ «կոշտ միջոցներ» կձեռնարկի, եթե Հյուսիսային Կորեան չդադարեցնի իր հրթիռային և միջուկային ծրագրերը:
Քլինթոնը նշել է, որ ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային և ողջ տարածաշրջանին պարզ կերպով հասկացրել է, որ հրթիռային և միջուկային ծրագրերը դիտարկելու է որպես իրեն ուղղված անմիջական սպառնալիք:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ այլևս կապված չէ «Կորեական թերակղզու ապառազմականացման մասին» միջկորեական հռչակագրով, որը ուժը կորցրել է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի կողմից միջուկային շանտաժի քաղաքականության արդյունքում: Բացի դա, ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ Հարավային Կորեայի հետ բանակցություններ չի վարի, քանի դեռ Սեուլում չեն վերանայել իրենց թշնամական վերաբերմունքը Փխենյանի նկատմամբ:
Արբանյակի միջոցով կատարված լուսանկարների ուսումնասիրման արդյունքում փորձագետները եկել են այն եզրահանգման, որ Փխենյանը պատրաստ կլինի երրորդ ստորգետնյա ատոմային պայթյունին առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում, կամ ավելի վաղ:
Վերջերս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԿԺԴՀ-ի նկատմամբ պատժամիջոցների ցանկն ընդլայնող բանաձև: Բանաձևի օգտին են քվեարկել ԱԽ անդամ բոլոր 15 պետությունները, այդ թվում՝ Չինաստանն ու Ռուսաստանը: Բանաձևն ընդլայնում է պատժամիջոցներն այն կազմակերպությունների և անձանց նկատմամբ, ովքեր անցյալ տարվա վերջին զբաղվել են հրթիռների գործարկման նախապատրաստական աշխատանքներով: Դրանց թվում են ԿԺԴՀ տիեզերական տեխնոլոգիաների հարցերով հանձնաժողովը և մասնագիտական գերատեսչությունների որոշ ղեկավարներ:
Ынха-3 հրթիռի գործարկումը տեղի էր ունեցել 2012 թ. դեկտեմբերի 12-ին: Միջազգային հանրությունը կասկածներ ունի, որ ԿԺԴՀ-ի տիեզերական ծրագիրն իրականում հանդիսանում է բալիստիկ հրթիռների գործարկման քողարկված փորձարկում:
ԿԺԴՀ-ն 2005 թ. իրեն հռչակել էր ատոմային տերություն: 2006 և 2009 թթ-ին Փխենյանը Պունգերիում ատոմային փորձարկումներ էր իրականացրել, որին ՄԱԿ ԱԽ-ն արձագանքեց պատժամիջոցներով: 1718 և 1874 բանաձևերում, բացի պատժամիջոցներից, նաև ԿԺԴՀ-ից պահանջվում է չիրականացնել ատոմային փորձարկումներ և բալիստիկ հրթիռների գործարկումներ, հրաժարվել ատոմային զենք ունենալու գաղափարից և վերադառնալ Կորեական թերակղզու ապառազմականացման բանակցություններին: