ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անցկացվել են խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, լսումներին ներկա են եղել ԼՂՀ և ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

 

Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումների դերն օրենսդրական խնդիրների լուծման գործում: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ազգային մշակույթի պահպանման, զարգացման ու տարածման,
նրան սպառնացող վտանգների կանխարգելման, հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման հարցերի՝ որպես համահայկական նշանակության հիմնախնդիրների, գիտակցումը և հավաքական ջանքերի մ իջոցով այդ մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությունը:

 

Պետական մշակութային քաղաքականության հիմնախնդիրների և կարգավորման ուղղությունների շուրջ ծավալուն զեկույցներ են ներկայացրել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի
նախարար Նարինե Աղաբալյանը: Նախարարներն անդրադարձել են բնագավառի կառավարմանը, պետության և ստեղծագործական միությունների համագործակցությանն ու առկա մարտահրավերներին, մշակութային դիվանագիտությանը և մշակույթի գործիչների սոցիալական երաշխիքներին առնչվող հարցերին:

 

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել են մշակութային ոլորտի օրենսդրական հիմնախնդիրների և ժամանակի մարտահրավերների՝ համապատասխանաբար ՀՀ և ԼՂՀ օրինակները: Ծավալված հարցուպատասխանի ընթացքում զեկուցողները պատասխանել են ներկաների հարցերին: