Այսօր Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի քառասունքն է:
Գյումրիում էր նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն անձամբ Մոսկվայում Պերմյակովի` Հայաստանին հանձնելու հարցն է բարձրացրել գյումրեցիների, հայ ժողովրդի անունից. «Հարցը բարձրացրել եմ, որ մեր ցանկությունն է, որպեսզի հանձնվի հայ իրավապահներին, և դատավարությունն ընթանա մեր կողմում: Պատասխանը, ցավոք, բացասական է եղել, որ պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողությունները, դատավարությունը Հայաստանում իրականացնելուն: Բայց թե պատիժը որտեղ է կրելու, հստակ պատասխան չտրվեց»:
Ի պատասխան դիտարկմանը, թե Ավետիսյանների հարազատները պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, պատգամավորը նշեց. «Չգիտեմ՝ ծայրահեղ քայլերի դիմել ինչ է նշանակում, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ պահանջն արդարացի է»: