«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.




 








Լևոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն այլևս չի տեսնում

 

 

Հայ Ազգային Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.

«Լևոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով' գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը:

 

 

Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»:

 

 

 

***

 

 

 

 

Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա

 

 

 

Փետրվարի 21-ին, ժամը 03.20-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային փողոցում՝ «Դիան» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.41-ին, մարվել՝ 03.58-ին: Ամբողջությամբ այրվել է «Մերսեդես» մակնիշի 34 UQ 046 պետհամարանիշով ավտոմեքենան:

 

 

 

***

 

 

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին

 

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի տվյալների համաձայն, փետրվարի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ:

 

 

Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հազար կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 

 

 

***

 

 

 

Վթար Արշալույս գյուղի մոտակայքում. կա զոհ և տուժածներ

 

 

 

Փետրվարի 21-ին, ժամը 10.26-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «ՎԱԶ-2104» և «Ջիպ» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. քաղաքացիներին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

 

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Մ5 միջպետական ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի մոտ 23-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ-2104» մակնիշի 13 ԼՕ 311 պետհամարանիշի և «Տոյոտա պրադո» մակնիշի 85 PD 888 պետհամարանիշի (վարորդ Ա. Ղ.), ինչից «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը զոհվել է:

 

 

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Թ. (ծնվ. 1956 թ.) և Ա. (ծնվ. 1984 թ.) Ղ.-երը տեղի ուժերով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների տուժածների առողջական վիճակը բավարար է:

 

 

 

***

 

 

 

 

Մոսկվայում պատրաստ չեն Պերմյակովին հանձնելու. Մարտուն Գրիգորյան

 

 

 

Այսօր Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյան ընտանիքի քառասունքն է:

Գյումրիում էր նաև ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն անձամբ Մոսկվայում Պերմյակովի' Հայաստանին հանձնելու հարցն է բարձրացրել գյումրեցիների, հայ ժողովրդի անունից.

 

«Հարցը բարձրացրել եմ, որ մեր ցանկությունն է, որպեսզի հանձնվի հայ իրավապահներին, և դատավարությունն ընթանա մեր կողմում: Պատասխանը, ցավոք, բացասական է եղել, որ պատրաստ չեն հանձնելու, բայց պատրաստ են քննչական համատեղ գործողությունները, դատավարությունը Հայաստանում իրականացնելուն: Բայց թե պատիժը որտեղ է կրելու, հստակ պատասխան չտրվեց»:

 

 

Ի պատասխան դիտարկմանը, թե Ավետիսյանների հարազատները պատրաստ են ծայրահեղ քայլերի դիմել, պատգամավորը նշեց. «Չգիտեմ՝ ծայրահեղ քայլերի դիմել ինչ է նշանակում, բայց ամեն դեպքում գտնում եմ, որ պահանջն արդարացի է»:

 

 

 

***

 

 

 

Գյումրիում նշեցին Ավետիսյանների ընտանիքի անդմաների մահվան քառասուներորդ օրը

 

 

 

 

Գյումրիում փետրվարի 21-ին Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունից 40-օր անց , Ավետիսյանների ընտանիքի հարազատները և գյումրեցիները կրկին հավաքվել էին նրանց տան մոտ՝ Մյասնիկյան 188 հասցեում, որտեղ հունվարի 12-ին տեղի էր ունեցել սարսափելի ողբերգությունը:

 

 

Որոշ հարազատների հնարավորություն տրվեց ոստիկանների ուղեկցությամբ մտնել տուն: Ի դեպ, բակում և տանն ամեն ինչ այնպես էր, ինչպես դեպքի նախօրեին:

Հարազատներին Ավետիսյանների տան մոտ կրկին ցավակցելու էին եկել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

 

 

Կան մոտից բոլորը շարժվեցին դեպի «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ թաղված են Ավետիսյանների ընտանքի բոլոր 7 անդամները: Գերեզմանատանը հարազատներին միացան նաև մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետի Ֆելիքս Ցոլակյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Արման Սահակյանը, քաղաքական, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի քահանաների ձեռամբ կատարվեց քառասունքի կարգ:

 

 

 

***

 

 

 

«Ինչքան դուք եք տեղյակ, էնքան՝ ես». Շիրակի մարզպետը՝ Պերմյակովին հանձնելու պահանջի մասին

 

 

 

«Ես նախաքննական ընթացքին տեղյակ եմ այնքան, որքան դուք: Ես նախաքննական մարմին չեմ»,- Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:'

 

«Ես տեղյակ եմ, որ երկու-երեք օր առաջ Ավետիսյանների հարազատները հրավիրվել են Քննչական կոմիտե և պարզաբանումներ են տրվել քննության ընթացքի հետ կապված: Տեղյակ եմ նաև, որ հարազատներին տեղեկացվել է, որ այսուհետև ևս իրենք պարբերաբար տեղեկացվելու են այդ մասին»:

 

 

Դիտարկմանը, թե հարազատները նշել են, որ իրենց ոչինչ չեն ասել, իրենք գիտեն այն, ինչ գիտենք մենք, ինչ ցույց է տրվում հեռուստացույցով, մարզպետը նշեց.

«Հարազատների հետ ես հանդիպել եմ: Հարազատներն ինձ ասացին, որ քննության ընթացքի հետ կապված մեզ ինֆորմացվել են, թե ինչ չափով՝ ես չեմ կարող ասել»:

 

 

Լրագրողներից մեկի հարցին էլ, թե ինքը՝ որպես Շիրակի մարզպետ չի՞ պահանջում, որպեսզի գործն ավելի արագ ընթացք ստանա, Ցոլակյանը նկատեց. «Ես պահանջելու իրավունք չունեմ»:

 

 

Խոսելով այն մասին էլ, թե օրակարգում արդյոք շարունակում է մնալ Պերմյակովին հանձնելու հարցը, Շիրակի մարզպետը նույն պատասխանը տվեց. «Ինչքան դուք եք տեղյակ դրանից, էնքան՝ ես»:

 

 

 

 

***

 

 

 

«Սպանվածների հարազատները վախենում են»

 

 

 

«Արաքսյայի մայրը երկար խոսեց աղջկա հետ, հարց ու փորձ արեց երեխաներից, Արմենից: Ասում էր, ոնց ես բալես, ինչքան ժամանակ է չես զանգում, առաջ օրը քանի անգամ էիր զանգում, հիշում ես: Հարցնում էր Հասիկ ջան ինչ կա չկա, դու ոնց ես, բալես...

 

 

Հասմիկի մասին հորաքույրն էլ մտահոգվեց... Փոքրիկ կարմիր ձմեռային կոշիկները բերեց գերեզմանատուն...
Սպանվածների հարազատները վախենում են...
Պաշտոնական լռությունը սարսափեցնում է նրանց...

 

 

Բոլորը խորապես հիասթափված են երկրի իշխանություններից...»:
Գրառումը' Արմենուհի Մինասյանի ֆեյսբուքյան էջից