Հռոմի Ֆրանցիսկոս պապը «Եկեղեցու ուսուցիչ» կոչում է շնորհել հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ և փիլիսոփա Գրիգոր Նարեկանցուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Vatican Radio-ն: Մինչ Մեծ պահքի համար Արիկա քաղաք մեկնելը՝ Հռոմի պապը Վատիկանի Սրբերի միաբանության ղեկավար, կարդինալ Անգելո Ամատոնիի հետ հանդիպման ժամանակ հաստատել է տասներորդ դարի հայ սրբին համընդհանուր եկեղեցու տիտղոս շնորհելու առաջարկությունը:

 

Կայքը գրում է, որ Գրիգոր Նարեկացին ծնվել է գրողների ընտանիքում մոտ 950 թվականին Հայաստանի փոքրիկ գյուղում, որը կոչվում էր Նարեկ: Նա մորը կորցնում է վաղ հասակում, հայրը' Խոսրովը, հետագայում դառնում է արքեպիսկոպոս: Նարեկացին մանուկ հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ եղբոր հետ կրթվում և դաստիարակվում է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի՝ Անանիա Նարեկացու մոտ, որը նաև Գրիգորի մոր հորեղբայրն էր։

 

Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնափիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվել նույն Նարեկա վանքում և ստացել Նարեկացի անունը։ Իր հարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացին շուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում են զանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամ գրական մշակմամբ մեզ է հասել։

 

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով գործեր՝ «Մեկնութիւն գրգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 1003 թվականին և թաղվել է Նարեկա վանքում։ Նրա գերեզմանը երկար ժամանակ ուխտատեղի է եղել շրջակա հայ բնակչության համար։