Թուրքիայի քաղաքական գործիչների գործունեությունը Սիրիայի ժողովրդի նկատմամբ նույն քաղաքականության շարունակությունն է, ինչ եղել է հայ ժողովրդի հանդեպ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, այս մասին սիրիական ՍԱՆԱ գործակալությանը տված հարցազրույցում նշել է Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը՝ ավելացնելով, որ հայ և արաբ ժողովուրդներն ունեն նման պատմական անցյալ արաբական խալիֆայության ժամանակներից ի վեր, երբ Հայաստանը Սիրիայի դրացի երկիր էր' նախքան թուրքերի հայտնվելը այս տարածաշրջանում: Սակայն նրանք աստիճանաբար իրենց արշավ ների միջոցով տիրել են այս տարածքներին՝ կցելով դրանք Օսմանյան կայսրությանը: Փոլադյանը հայոց բնաջնջման հետ կապված հայտնել է. «Երբ հայ ժողովուրդը սկսել է պահանջել իր իրավունքները և անկախությունը, Օսմանյան կայսրությունը սկսել է ոճրագործ քայլերի դիմել սկսած Սուլթան Աբդուլ Համիդի օրերից մինչև իթթիհադականների կառավարության ժամանակը»:

 

Դեսպանի խոսքով' սուլթանի դեմ պայքարող իթթիհադականները, ովքեր հայ ժողովրդին ազատության խոստումներ էին տալիս, դիմել են ամենավայրագ քայլին՝ իրականացնելով ցեղասպանությունը՝ նրա դեմ օգտագործելով կրոնական ազդակը: Այդպիսով, ցանել են ծայրահեղական սերմերը, որոնց արդյունքները տեսնում ենք այսօր իսլամական ծայրահեղական շարժումների պարագայում: Օսմանցի թուրքերն ատելությամբ էին լցված հայերի հանդեպ, սակայն արաբ իսլամ սիրիացին գրկաբաց ընդունել է տարհանված հայերին:

 

«Պատմությունն ինքնըստինքյան կրկնվում է, հայրենասպանությունը կատարվում է նաև սիրիայի ժողովրդի հանդեպ, ինչպես հայերի»,-նշել է Փոլադյանը:

 

Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հարցազրույցի ավարտին երախտագիտություն է հայտնել սիրիացի արաբ ժողովրդին, ով հայերի կողքին է եղել արհավիրքի օրերին: Բարեկամ երկրի համար այս դժվարին օրերին ՀՀ դեսպանությունը շնորհակալություն է հայտնել Սիրիայի քաջարի ժողովրդին իր վեհանձն կեցվածքի համար: