Թուրքիայի Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը (RTÜK) որոշում է կայացրել այն մասին, որ թուրքական հեռուստաալիքներից մեկում Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայերի նկատմամբ արած ոչ պարկեշտ արտահայտությունն ամենևին էլ վիրավորական չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:
Բարձրագույն խորհրդի որոշման մեջ ասվում է, որ Էրդողանը պարզապես հիշեցրել է իր հասցեին նախկինում հնչած արտահայտությունները և որևէ մտադրություն չի ունեցել սերմանելու խտրականություն կամ վիրավորելու հայերին: Ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհուրդը հրավիրված նիստի ավարտին եզրակացություն է արել, որ հեռարձակման ժամանակ որևէ իրավական խախտում չի գրանցվել:
Օգոստոսի սկզբին նախընտրական քարոզարշավի ժամանակ թուրքական հեռուստաալիքներից մեկի հաղորդմանը մասնակցող Էրդողանը ասել էր հետևյալը. «Ինձ ասացին վրացի: Ես ներողություն եմ խնդրում, սակայն նրանք ինձ ավելի վատ բան ասացին: Նրանք ինձ հայ անվանեցին, սակայն ես թուրք եմ»: