ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն հայտարարել է, որ շարունակում է աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ, որպեսզի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և աններելի ագրեսիայի համար։
Այս մասին նա հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին նվիրված՝ «Արդարություն հանուն ցեղասպանության» խորագրով միջոցառման ընթացքում։
«Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերի նկատմամբ: Ես ինքս Արցախ այցելելու պատիվ եմ ունեցել։ Ես տեսել եմ այնպիսի անհավանական մարդկանց՝ ծաղկուն համայնքով, և ինձ այնքան ցավ է պատճառում մտածելը, որ նրանց քշել են այնտեղից, և որ այնքան շատերն են եղել, ովքեր բանտարկվել են: Այսպիսով, մենք պետք է անենք այն ամենը, ինչ կարող ենք: Ահա թե ինչու ես շարունակում եմ աշխատել Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի գործընկերների հետ Ադրբեջանին այս աններելի ագրեսիայի համար պատասխանատվության ենթարկելու համար»,- նշել է Չուն։