Հայաստանցիների մոտ 52 տոկոսը դեռևս չի զգացել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ազդեցությունն իր կյանքի վրա, իսկ 35 տոկոսը' դրական ազդեցություն է զգացել:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը' ամփոփելով իր անցկացրած հետազոտության նախնական արդյունքները: Նա հայտնեց, որ հարցումներն անցկացրել Հայաստանի 4 համայնքում, 1000 բնակչի շրջանում: «Հարցում ենք արել, թե ինչպես են գնահատում ներկա իրավիճակը, ում հետ են կապում լուծումները, միությանն անդամակցումը ինչպես կազդի այդ խնդիրների լուծման վրա և ինչ են ակնկալում ապագայում:
Սակայն հետազոտութունը նախնական է, և դեռ չունենք ամբողջական պատկեր: Մեզ ֆինանսավորում է հարկավոր, որ կարողնան ք շարունակել հետազոտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ադիբեկյանը և հավելեց, որ նախորդ տարի անցկացված հետազոտության ժամանակ ֆինանսավորում են ստացել պետական տարբեր մամիններից:
Ադիբեկյանի խոսքով' իրենց հետազոտությունից պարզ է դարձել, որ ընտանիքում շուրջ 75 տոկոսը լավատեսորեն է տրամադրված ապագայի հանդեպ, իսկ մյուս մասը' հոռետեսական տրամադրություն ունի: «Կարևոր է, որ կեսից ավելին լավատեսական վերաբերմունք ունի: Չնայած, եթե ամփոփում ենք ներկա իրավիճակը, կա սոցիալ-հոգեբանական լարվածություն»,- ասաց նա: Սոցիոլոգը հայտնեց, որ եթե պատվեր ստանան, կարող են նաև հետազոտություն անցկացնել գործարարների շրջանում, որ ավելի լավ պատկերացում ձևավորվի ԵՏՄ անդամակցությունից հետո ստեղծված իրավիճակի մասին:
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է 2014թ. հոկտեմբերի 10-ին: Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 2-ից, երբ միության անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրեցին այն: Եվրասիական տնտեսական միության կազմում են ՌԴ-ն,Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: