Ղախաստանը դրական է տրամադրված Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում: Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը՝ ընդգծելով, որ գործընթացն ընդամենը տեխնիկական բնույթի է, և ոչ մի ձգձգում չկա:

 

 

«Ղազախստանում շատ բարեհաճ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Եվրասիական միությունը: Ղազախստանի նախագահը ստորագրել է անդամակցության ճանապարհային քարտեզը, այնպես որ որևէ հակասություն և հակազդեցություն չկա:

 

Տեխնիկական գործընթացը ժամանակ է պահանջում: Նախ ընթանում են փաստաթղթերի համաձայնեցման փուլը և այլ ընթացակարգեր, հիմա Հայաստանի անդամակցության համաձայնագիրը քննարկման է դրված Մաքսային միության հիմնադիր պետությունների կառավարություններում», - վստահեցրեց դեսպանը:

 

 

Հարցին, թե ինչու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ հայտարարելով, թե Աստանան կստորագրի Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզը կցելով դրան հատուկ կարծիք, Ղազախստանի դեսպանը շեշտեց, որ Ղազախստանը ոչ մի հավակնություն չունի և նախագահն ինքն է ստորագրել ճանապարհային քարտեզը: «Գագաթաժողովն ընթանում էր Աստանայում, և համակարգողը, բնականաբար, Ղազախստանի նախագահն էր, դրա համար էլ նա էր ստացել նամակը»,- մեկնաբանեց Բոզժիգիտովը:

 

 

Անդարադարձ կատարվեց նաև Եվրասիական տնտեսական միության ընդլայմանը և Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին: «Եվրասիական տնտեսական միությունը ունի ապագա: Այն երեք պետությունների միություն է, ապագայում ևս մի քանի պետություն կմտնի: Դուք գիտեք, որ ցանկություն են հայտնել նաև Հայաստանը, Ղրղըզստանը, աշխատանքներ են տարվում նաև ավելի խոշոր երկրների հետ, այդ պատճառով ԵՏՄ-ն շատ մեծ ապագա ունի:

 

Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք միջանցիկ խնդիրներ են, որ կորոշվեն: Բնականաբար, Ղազախստանը դեմ է բոլոր տեսակի պատժամիջոցներին»,- ասաց ղազախ դիվանագետը:

 

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանին մաքսակետ տեղադրելու մասով Բոզժիգիտովը շեշտեց, որ Հայաստանը Մաքսային միություն է մտնում իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով:

 

Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 27-ին, ամփոփելով Մաքսային միության երկրների ղեկավարների, Ուկրաինայի նախագահի եւ ԵՄ ներկայացուցիչների մասնակցությամբ Մինսկում տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքները, տեղեկացրել է, որ գագաթաժողովի շրջանակներում ՄՄ երկրների ղեկավարները առանձին հանդիպում են ունեցել:

 

Որոշում է ընդունվել, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք բանակցությունների շրջանակներում լուծել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը: