Հայաստանի սպառողական շուկայում դիետիկ սնունդ չի իրացվում, իսկ այն ապրանքատեսակները, որոնց վրա մակնշված է «դիետիկ սնունդ», չունեն համապատասխան եզրակացություն Առողջապահության նախարարության կողմից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա ընդգեծեց, որ այն մթերքները, որոնք անվանում ենք դիետիկ, հնարավոր է, որ չեն համապատասխանում այդ կատեգորիային:

 

«Եթե որևէ սննդամթերքի վրա տեսնեք դիետիկ մակնշում, ապա դա օրենքի խախտումով է, քանի որ ՀՀ «Սննդի անվտանգության մասին» օրենքով սահմանված է, թե որ մթերքները կարող են լինել դիետիկ, իսկ դրանց եզրակացությունը պետք է տրվի Առողջապահության նախարարության կողմից: Բժիշկները պետք է տան համապատասխան փաստաթուղթ' նշելով, թե արդյոք այս մթերքը դիետի՞կ է, թե ոչ: Առողջապահության նախարարությունում որևէ սննդամթերք գրանցված չէ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ' ասաց Բաբկեն Պիոպյանը: Նա առան ձնացրեց միայն ձուն' բացատրելով, որ մինչև արտադրության 7-րդ օրը այն համարվում է դիետիկ:

 

Իսկ այն մթերքները, որոնք տեխնոլոգիական մշակման ընթացակարգ են անցել, Բաբկեն Պիպոյանի խոսքով' պետք է առողջապահության նախարարության կողմից ստանան համապատասխան թույլտվություն' «դիետիկ» մակնշման համար: «Նախարարությունը հայտարարում է, որ չի գրանցել նման մթերքներ: Դիետիկ սննդամթերքը պետք է իրացվի որպես հատուկ նշանակության սնունդ»,- հավելեց նա:

 

ՀՀ «Սննդամթերքի անվատանգութան մասին» օրենքի 9-րդ հոդվածով' Հայաստանում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի որոշակի տեղեկություններ: Եթե այն բուժիչ հատկություն ունի, մանկական կամ դիետիկ սնունդ է, որոշակի հիվանդների համար հակացուցումներ ունի եւ այլ դեպքերում, արտադրողն անպայման պետք է նշի այդ մասին: