Այս տարի Հայաստանի ազգային արխիվի շնորհիվ ռուսերեն և անգլերեն տարբերակներով կհրատարակվի «Հայ ժողովրդի տնտեսական կուրուստների փաստաթղթերի» ժողովածուն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
«Սա շարունակական աշխատանք է, առաջին երկու գիրքը լույս կտեսնեն ապրիլ-մայիս ամիսներին, իսկ հաջորդ հատորները' ամենայն հավանականությամբ աշնանը»,- նշեց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենը հիշեցրեց, որ երեք տարի առաջ հրատարակվել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» եռահատորյակը, որը 2013 թ.մեկ հատորի տեսքով լույս տեսավ անգլերեն, իսկ անցած տարի՝ թուրքերեն: Մոտ օրերս գրքի ռուսալեզու տարբերակի շնորհանդեսը տեղի կունենա Մոկսվայում, և պատրաստին է մոտենում գրքի իսպանալեզու տարբերակը: Իսկ «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում» շարքի 5 հատորները կհրատարակվեն այս տարվա ընթացքում:
«Ցեղասպանությունն սկսվել է ապրիլին, ապրիլի 24-ին բանտարկվեց հայ մտավորականությունը, սակայն բուն ցեղասպանությունն իրականացվել է ամռանը: Օրինակ' Մուսա լեռան ինքնապաշտպանությունն սկսվեց հուլիսի երկրորդ կեսին և շարունակվեց մինչև օգոստոսի վերջ: Հետևաբար, եթե մենք որևիցե բան հրատարակենք ամռանը կամ աշնանը՝ դա նույնպես կընդգրկվի Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում», - տեղեկացրեց Ամատունի Վիրաբյանը:
Ազգային արխիվի տնօրենը նաև նշեց, որ մոտակա ժամանակ Պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն Հայոց ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի ճակատագիրը ներկայացնող փաստաթղթեր, նորություններ, և այն ամենը, ինչը հարյուր տարվա ընթացքում տեղ է գտել հայ ժողովրդի կյանքում: