Ոսկու հանքավայրից հանքանյութի գողության մեջ մեղադրվողը հաղորդել է, որ ճնշումների ներքո է հայտնել հանցագործության կազմակերպչի և խմբի մյուս անդամների մասին տվյալները:

 

ՀՀ ոստիկանության Վարդենիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մի խումբ անձանց կողմից ոսկու հանքավայրից հանքանյութի գողություն կատարելու մեջ մեղադրվող Նվեր Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի փետրվարին Վարդենիսի իրենց տանը խուզարկություն կատարելուց հետո ՀՀ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել բաժին, որտեղ 6 ժամ պահել են, այդ ընթացքում ինչպես հատուկ ծառայություն իրականացնող անձը, այնպես էլ քրեական գործը քննող քննիչը ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, և ինքը ստիպված է եղել իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ թե´ իր, թե´ հանցագործության կազմակերպչի ու թե´ խմբի մյուս անդամների վերաբերյալ:

 

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առ­թիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: