Ազգային ժողովը շարունակում է քննարկել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

Հարցի վերաբերյալ ՀՀԿ տեսակետը ներկայացնելու համար ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով կարծես ելույթին մարտական էր տրամադրված:

 

Պատգամավորը ելույթի սկզբում դիմեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանին.

 

«Տիկի՛ն Բիշարյան ջան, օրենքը քննարկվել է երկու անգամ, մի ամիս անցել է, բարի եղեք, մասնակցեք ու եթե մի բանի մասնակցում եք, պարզապես պետք է մինիմալ պատկերացնել, թե ինչի մասին է օրենքը: Թե չէ խոսում ենք ամեն ինչից, բացի օրենքից»:

 

Այնուհետև Վարդան Այվազյանի խոսքի ընթացքում տեղից միջամտեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, լեզվակռվին միջամտեց Գալուստ Սահակյանը. «Հանգիստ, հանգիստ, երկխոսությունը դադարեցրեք, ես որևէ ռեժիմ կսահմանեմ, որ կարողանաք կուշտ մեկդ մյուսի հետ վիճել, հանգստացեք»,- պատգամավորներին հորդորեց հանգստանալ Գալուստ Սահակյանը:

 

Վարդան Այվազյանը, շարունակելով խոսքն, ասաց. «Պարո՛ն Բագրատյան, եթե Դուք էլ չեք հասկանում՝ որտեղ է գնում շահութահարկի տարբերությունը, ես շատ ցավում եմ և երկրորդը՝ խոսքը վերաբերում է նաև աշխատուժի արտահանմանը՝ խոպան գնացողներին»:

 

Օրինագիծը վերաբերում է ՀՀ-ից արտահանման խոշորածավալ ծրագրեր իրականացնող ընկերություններին հարկային արտոնությունների տրամադրմանը: Որոշվել է շահութահարկի դրույքաչափի նվազեցումը տարածել ոչ միայն 50 մլրդ դրամ և ավելի արտահանման ծրագրերի նկատմամբ, այլև 40 մլրդ դրամ արտահանման ծրագրերի դեպքում: Հիմնական զեկուցողը նշել է, որ արտահանման ծրագիրը հաստատվելու է ոչ թե մեկ կազմակերպության, այլև կազմակերպությունների խմբի համար: Ըստ բարեփոխված տարբերակի՝ կառավարությունը պետք է սահմանի նաև արտահանվող ապրանքների նվազագույն չափը: