Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրա նիստը, որի ընթացքում քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված ««Հրազդան-Ցեմենտ» փակ բաժնետիրական ընկերությանը մոտ 510 մլն դրամ հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով առաջացած տույժերից ազատելու գծով ազատելու մասին» օրենքի նախագիծն ամբողջությամբ ընդունելու հարցը:

 

«Այստեղ լուրջ ինտրիգ կա, մանավանդ նախորդ անգամ ասում էին, թե չեք ուզում «Հրազդան-Ցեմենտ»-ն աշխատի: Դեմագոգիա է: Օբյեկտը դնում եք վաճառքի, էհ դրեք՝ առանց պարտքի: Պարտքն ի՞նչ կապ ունի, պարտքն ինչո՞ւ է առաջացել, ո՞վ է մեղավոր, դա մենք պետք է պարզենք: Մենք տասն անգամ էկոնոմիկայի նախարարին ասացինք՝ ինչո՞ւ եք նման ինտրիգային ձևով բերում, ասում ա՝ բա առնող կա, չվաճառե՞նք, էհ վաճառեք՝ առանց պարտքի»,- բարկացած ասաց Հրանտ Բագրատյանը:

 

Պատգամավորն առաջարկում է արտաբալանս համարել պարտքը, օբյեկտը վաճառել. «Ինչո՞ւ եք ամբողջ խորհրդարանը ցնցում այսպես»:

 

Բագրատյանին հակաճառեց խորհրդարանի մեկ այլ տնտեսագետ պատգամավոր Վարդան Այվազյանը.

 

«Ինձ համար մի քիչ զավեշտալի է, երբ ներկայացնում են մի հարց ու սկսում են խեղաթյուրել, հատկապես պրոֆեսիոնալները: Լավ, օրենքի չիմացությունը, չգիտեք ջանդամին.

 

ա) տվյալ օբյեկտն էսօրվա դրությամբ բանկի սեփականության տակ է, սնանկացման դեպքում որևէ բան չեք ստանա դուք, ամբողջապես մաս-մաս վաճառվելու է և բանկի պարտքերն է մարվելու,

 

բ) նմանատիպ հազարավոր արտոնություններ մենք տվել ենք՝ 245 միլիարդ, եթե որևէ մեկը բերի համանման ծրագիր ներկայացնի, նորից պատրաստ ենք»,- ասաց Այվազյանը և հորդորեց. «Հարցը մի տեղափոխեք, հատկապես խոսքս վերաբերում է պրոֆեսիոնալներին՝ նոբելյան մրցանակի ցանկություն ունեցող պրոֆեսիոնալներին, խոսքը վերաբերում է օբյեկտի աշխատել-չաշխատելուն»:

 

Վարդան Այվազյանի խոսքը բարկացրեց Բագրատյանին և սկիզբ դրեց վիճաբանության: Բագրատյան-Այվազյան «դուելին» միջամտեց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը.

 

«Հանգիստ նստեք, շուտով ընդմիջում կլինի, միջանցքում կկռվեք իրար հետ, հիմա հանգիստ նստեք»:

 

Նախագծին 88 պատգամավոր կողմ քվեարկեց, դեմ՝ 16-ը, ձեռնպահ՝ 6-ը: