Առաջիկա օրերի եղանակային պայմանները որևէ վտանգ չեն ներկայացնում գյուղատնտեսության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

 

«Վերջին երեք օրերին Արարտյան դաշտավայրում նվազագույն ջերմաստիճանը եղել է -2-5°C, ինչը շատ դրական գործոն է գյուղատնտեսության համար: Եթե փետրվարի առաջին տասնօրյակում միջին ջերմաստիճանը 5°C -ից բարձր է, այսինքն' այն դառնում է վեգետացիայի սկզբի գործոն, ապա երկրորդ տասնօրյակում այն մոտեցավ 5°C-ի, իսկ այնուհետև ընդհանրապես ցածր էր՝ վեգետացիան ժամանակավորապես կանգ է առել»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

 

Օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ մարտ ամսին կանխատեսվում է նորմայից 1-2° աստիճան բարձր ջերմություն, և առաջին տասնօրյակում ակնկալվում են նորմայից մի փոքր ավելի տեղումներ: Ի դեպ, 2014 թ. մարտն ավելի տաք էր, քան ակնկալվում է այս տարի. անցած տարի մարտին տեղումների քանակը եղել է մի փոքր ավելին:

 

«Առաջիկա երկու օրում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գարունը կսկսվի ամպամած, թույլ տեղումներով և համեմատաբար բարձր ջերմաստիճանով: Առաջիկա երկու օրում հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Սակայն փետրվարի 28-ին այն կբարձրանա 1-3°C-ով: Եթե երեկ Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 11-12°C, ապա փետրվարի 28-ին այն կհասնի 14-15°C-ի, իսկ մարտի 1-ից այն կսկսի նվազել»,- նշեց Զարուհի Պետրոսյանը:

 

Օդերևութաբանը նաև հավելեց, որ այս տարի փետրվարին Հայաստանի շրջանների հիմնական մասում ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 1-2°, սակայն Արարատյան դաշտում այն կազմել է 4-5°C: