Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը փետրվարի 26-ին չեղյալ Է հայտարարել 1953 թվականի օրենքը, որը պատիժ Էր նախատեսում ամուսնական դավաճանության համար, այդ թվում՝ բանտային կալանք, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հարավկորեական լրատվամիջոցներին:
«Թեեւ ամուսնական անհավատարմությունը պետք Է դատապարտել որպես անբարոյական արարք, պետական իշխանությունը չպետք Է միջամտի անձնական կյանքին»,-ասել Է դատարանի նախագահը: Օրենքը չեղյալ հայտարարելու օգտին քվեարկել են դատարանի ինը անդամներից յոթը:
Այդ օրենքը 1953 թվականին ընդունվել Էր կանանց իրավունքները պաշտպանելու համար, որոնց սոցիալական դրությունը նկատելիորեն զիջում Էր տղամարդկանց վիճակին: Այսպիսով, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հարավային Կորեան այն փոքրաթիվ ոչ մուսուլմանական երկրներից մեկն Էր, որտեղ ամուսնական անհավատարմությունը դիտվում Էր քրեորեն պատժելի արարք:
Այդ հոդվածով գործ Էր հարուցվում միայն անմիջապես տուժածի կողմից հայց ներկայացվելու դեպքում: Բացի այդ, դատական գործընթացն անհապաղ դադարեցվում Էր, եթե հայցվորը հետ Էր վերցնում իր մեղադրանքները:
Հաղորդագրություններում նշվում Է, որ Հարավային Կորեայում ամուսնական դավաճանությունների վերաբերյալ դատարան ներկայացվող գործերի թվաքանակն անշեղորեն նվազել Է: Այսպես, 2008 թվականից ի վեր անհավատարմության համար ընդամենը 22 մարդ Է հայտնվել ճաղերի հետեւում: