Եթե խնդիրը մարդկանց հայրենիք վերադարձնելն է՝ կարելի է առանց գումարի էլ ծառայությունից նախկինում խուսափածներին ներում շնորհել, բայց մեծ գումարի դեպքում սա շահույթ ստանալու, մարդկանց կեղեքելու նպատակ հետապնդող մի բան է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ -լեյտենանտ Տիրան Խաչատրյանն՝ անդրադառնալով ՔՊ-ական պարգամավոր Հայկ Սարգսյանի հեղինական օրենքի նախագիծին, որն հնարավորություն է տալիս որոշակի գումարի դիմաց ազատվել ժամկետային ծառայությունից։ Մասնավորապես, ըստ նախագծի՝ 27 տարին լրացած անձը 15 մլն դրամ վճարելու դեպքում կազատվի քրեական պատասխանատվությունից։

«Այն մարդկանց, ովքեր ինչ-որ չափով կյանքում հաջողել են ու ունեն հնարավորություն՝ այս նախագիծն հնարավորություն կտա խուսափել հայրենիքին ուղղակի ծառայություն մատուցելուց։ Շատերը կարող են ասել, որ այդ գումարը փոքր է, քիչ արդյունավետություն կարող է ունենալ, բայց ես ուրիշ բան կարող եմ ասել. ավելի լավ է մարդ բանակում հասկանա, թե ինչ բան է հայրենիքը, իր անմիջական մասնակցությամբ ցույց տա իր հայրենասիրությունը, քան սրանից-նրանից թալանածով կամ ձեռք բերած գումարով ասի՝ ես էլ եմ հայրենասեր, ես էլ եմ իմ պարտքն հայրենիքի նկատմամբ կատարել։ Սա կարող է հայրենասիրությունն արժեզրկելու և դրա նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխելու խթան հանդիսանալ»։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ հակառակ ազդեցությունն ունենա ու ոչ թե նպաստի մարդկանց ներգաղթին, այլ հակառակը՝ արտագաղթի նոր ալիք սկսվի, այսինքն՝ մարդիկ հեռանան այն մտքով, որ գումար կկուտակեն, կվերադառնան ու գումարով կազատվեն՝ Խաչատրյանն ասաց, իսկ եթե մարդիկ գնան ու չստացվի այդ գումարն աշխատել, ի՞նչ են անելու։ «Պետք է բոլորին պարզ լինի, եթե պարտադիր ժամկետային ծառայություն է, ապա դա բոլորի վրա պետք է համատարած ազդի, այսինքն՝ այն մարդը, ով առանց լուրջ հիմնավորումների հրաժարվում է ծառայությունից, պետք է ենթարկվի համապատասխան պատասխանատվության»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։