«Ասպարեզ» ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը դժվարանում է քաղաքականություն անվանել Սերժ Սարգսյանի գործունեությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի արտաքին քաղաքական իրողությունների մասին, նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները անպատասխանատու են գործում, հատկապես' սեպտեմբերի 3-ի' ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումից հետո:

 

Ըստ Լևոն Բարսեղյանի' տպավորություն է, թե Հայաստանում բոլոր շերտերը պարտավոր են մտածել Հայաստանի արտաքին քաղաքականության հետևանքների մասին, բացի իշխանություններից: Նա Մաքսային միությունն անվանում է «եթերային», որովհետև այդ միության անդամները չունեն ուրիշ շարժառիթ և նպատակ, քան իշխանությունը պահելը, և շանտաժի, վախի ու զանազան ճնշումների միջով անցնելով' որոշել են, որ ավելի լավ է խելոք մնալ Ռուսաստանի նեոիմպերիալիստական ծրագրի շրջանակներում:

 

«Վարչապետով ու նախարարներով մեր իշխանությունը վազում է դեպի մի եթերային Մաքսային միություն, նույնիսկ ռուսներն են քմծիծաղում, թե' չենք հասցնում Հայաստանի հետևից: Չեմ կարծում, թե Լուկաշենկոն, Նազարբաևը և Սերժ Սարգսյանը երազում էին լինել Ռուսաստանի շվաքի տակ, բայց, լինելով մինիդիկտատորներ, ջանում են իրենց իշխանությունը պահել»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

 

Նրա խոսքով' եթե իշխանությունը և նախագահը ժողովրդի կողմից ընտրված լինեին, չէին լինի այն ակնհայտ ճնշումները, որոնք կիրառվել են Մոսկվայի կողմից: Երբ նախագահը թիկունքում չի ունենում հանրության աջակցությունը, ապա ոչ լեգիտիմ մարդուն հեշտ է լինում ծալել ու դնել իրենց ուզած ճանապարհի վրա: Եվ հիմա Հայաստանը հայտնվել է դժվար կացության մեջ:

 

Լևոն Բարսեղյանը համարում է, որ Սերժ Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր վարած անհեթեթ քաղաքականության համար, որովհետև նա մինչև Մոսկվա մեկնելը պետք է բացատրեր հանրությանը, թե ինչ է սպասվում, ինչ իրավական հիմքերով է նա նման որոշում կայացնում: «Ի՞նչ իրավունքով ես Մոսկվայում ինչ-որ բաներ հայտարարում: Անգամ իր մերձավորները այլ բան էին ասում, քան ինքը' Պուտինի կաբինետից գլխիկոր դուրս գալուց հետո: Կարո՞ղ է 15 րոպե հետո էլ գնա Հռոմ և ուրիշ մի միությանը միանալու հայտարարություն անի»,- ասաց նա' հավելելով, որ ՄՄ-ին Հայաստանի անդամագրվելու' Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ ձևակերպված է, թե Հայաստանը ցանկություն ունի միանալու Եվրասիական միության ստեղծմանը:

 

Բարսեղյանի խոսքով' անգամ եթե Սերժ Սարգսյանը ընտրված նախագահ լիներ, նա պետք է տարբեր միջոցներով, թեկուզ ձևականորեն, այդ հարցը դներ քննարկման կա'մ Ազգային ժողովի, կա'մ կառավարության, կա'մ իր կուսակցության խորհրդի նիստում, կա'մ հանրային լսումներ կազմակերպեր և այլն: Այդ ամենը չի եղել, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի վրա բանեցվել են կոշտագույն ճնշումներ: Մինչ այդ, ըստ Բարսեղյանի, նա փորձել է մանևրել Եվրոպայի ու Ռուսաստանի միջև, ինչը չի ստացվել, և քանի որ նրա գերագույն նպատակը իշխանություն պահելն էր, ընտրել է Մաքսային միությունը: