ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համոզմունք է հայտնել, որ ներկայում բարձր մակարդակի վրա գտնվող հայ-ամերիկյան հարաբերությունները նրա պաշտոնա վարման ժամանակ ավելի կզարգանան:

 

 

Նախարարը կարևորել է նաև հայ-ամերիկյան տնտեսական կապերի ակտիվացումը, ողջունել դեսպան Միլսի որդեգրած՝ Հայաստանում ամերիկյան ներդրումները խրախուսելու քաղաքականությունը: Այս համատեքստում երկուստեք ընդգծվել է ամերիկահայ համայնքի դերը հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի աշխուժացման գործում:

 

 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ռիչարդ Միլսը կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացումը և համագործակցության հետագա խորացումը և այդ գործընթացում ԱՄՆ հայկական համայնքի ներուժի արդյունավետ օգտագործումը:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության լրատվական ծառայությունից, դեսպանի խնդրանքով նախարարը հանգամանորեն ներկայացրել է գերատեսչության գործունեությունը, գործառույթները, ամենամյա ծրագրերը, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման միտումները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հրապարակած համահայկական հռչակագրի քաղաքական, ազգային, բարոյական ասպեկտները:

 

 

Նախարարը շեշտել է, որ ակնկալվում է ԱՄՆ-ից բարձր մակարդակի պատվիրակության ժամանում՝ «Մարդկությունն ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առանցքային միջոցառումներին ներկա լինելու համար:

 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի, իրաքահայերի, ուկրաինահայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների իրականացրած ծրագրերը:

 

Մասնավորապես անդրադարձ է կատարվել կրթական, առողջապահական, գործարարության ոլորտներում ՀՀ իրավական ակտերում իրականացված փոփոխություններին, ինչպես նաև՝ աշխատանքով և կացարաններով ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքներին: