Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը դատապարտել է ասորական գյուղերի վրա ծայրահեղականների կողմից իրականացված հարձակումը և ասորիների առևանգումը՝ շեշտելով միջքրիստոնեական գործակցության հրամայական անհրաժեշտությունը: Վեհափառ Հայրապետը փետրվարի 26-ին այցելել է Լեռնալիբանանի ասորի համայնքի Մետրոպոլիտ Ջորջ Սալիբա արքեպիսկոպոսին: Վերջինս Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է ստեղծված իրավճակի մասին և հայտնել, որ շուրջ 5 հազար ասորիներ հեռացել են իրենց գյուղերից և ապաստանել Ղամիշլիում:

 

 

Հանդիպմանը ներկա է գտնվել Ազգային կենտրոնական վարչության անդամ Արա Դեմիրճյանը: Նա Վեհափառ Հայրապետին տեղեկացրել է հատկապես Ղամիշլիում տիրող ընդհանուր մտահոգությունների մասին: Նշվել է, որ Նորին Սրբությունը և Ազգային կենտրոնական վարչությունը հետևում են Սիրիայի ներսում տեղի ունեցող զարգացումներին և իրենց հնարավոր ամեն ինչ անում են՝ օգտակար լինենալու մեր ժողովրդի զավակներին:

 

 

Ավելի վաղ տեղեկություններ են ստացվել, որ փետրվարի 24-ի գիշերը «Իսլամական պետությունը» հարձակվել է ասորական գյուղերի վրա, ինչի հետևանքով հազարավոր բնակիչներ ստիպված լքել են իրենց բնակավայրերը:

 

 

«Իսլամական պետությունն» առևանգել է ավելի քան 220 մարդկու, ովքեր բնակվում էին Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե մարզի ասորական գյուղերում: Իսլամիստները գրավել են տասնյակից ավելի ասորական գյուղեր, որտեղ քրդական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ էին սկսել ԻՊ-ի դեմ, այրվել են 2 հնագույն եկեղեցիներ: